Կառավարությունը մաքսատուրքից կազատի 6 աշխատող ունեցող «Արմենիան Թեքնոլըջի գրուփ» հիմնադրամին

Կառավարությունը վաղը հավանություն կտա «ԱՐՄԵՆԻԱՆ ԹԵՔՆՈԼԸՋԻ ԳՐՈՒՓ» հիմնադրամին ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու որոշման նախագծին, որը ներառված է կառավարության վաղվա նիստի օրակարգի զեկուցվող հարցերի ցանկում։
Նախագծի մշակումը պայմանավորված է «ԱՐՄԵՆԻԱՆ ԹԵՔՆՈԼԸՋԻ ԳՐՈՒՓ» հիմնադրամի կողմից գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և (կամ) նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու անհրաժեշտությամբ` Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 17-ի N1118-Ն որոշման համապատասխան:
Որոշման նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ «ԱՐՄԵՆԻԱՆ ԹԵՔՆՈԼԸՋԻ ԳՐՈՒՓ» հիմնադրամի կողմից ներմուծվող սարքավորումները նախատեսվում է օգտագործել սերմարտադրության ոլորտում, սերմերի զտման և տեսակավորման նպատակով։ Արտադրությունն իրականացվելու է ՀՀ Արմավիրի մարզում։ Ընկերությունը հիմնադրվել է 2004 թվականին։
Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 10 մլն դրամի ներդրում սարքավորումների ձեռքբերման համար։ Ներկայումս առկա է 6 աշխատատեղ՝ 70 հազար դրամ միջին ամսական աշխատավարձով։ Ներդրումային ծրագրի շրջանակներում, մինչև 2024 թվականը, նախատեսվում է ստեղծել 20 նոր աշխատատեղ՝ 70 հազար դրամ միջին ամսական աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 10 մլն դրամ:
Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 523 հազ․ դրամ: Ներմուծվող ապրանքները չեն ներմուծվում ԵԱՏՄ անդամ-երկրներից, քանի որ չեն բավարարում ընկերության տեխնիկական պահանջներին։
Վահե Մակարյան