Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը խոսել է Վրաստանում տեղի ունեցած ընտրությունների մասին

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը խոսել է Վրաստանում տեղի ունեցած ընտրությունների մասին

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը Վրաստանում տեղի ունեցած վերջին ընտրությունների մասին.

«Վրաստանում խորհրդարանական ընտրություններից հետո ես մտադիր եմ վրացական հարցը դնել Բուդապեշտում Եվրոպական խորհրդի ոչ պաշտոնական հանդիպման օրակարգում։

Մենք ի գիտություն ենք ընդունում ԵԱՀԿ-ի նախնական գնահատականը և կոչ ենք անում Կենտրոնական ընտրական հանձնաժողովին և այլ համապատասխան մարմիններին կատարել իրենց պարտականությունը՝ արագ, թափանցիկ և անկախ հետաքննելու և անդրադառնալու ընտրությունների հետ կապված բոլոր խախտումներն ու պնդումները:

Այս ենթադրյալ խախտումները պետք է հիմնովին պարզաբանվեն և շտկվեն։

Մենք ևս մեկ անգամ դիմում ենք Վրաստանի ղեկավարությանը` վերահաստատելու իրենց հավատարմությունը երկրի եվրոպական կուրսին` համաձայն հունիսի և հոկտեմբերին Եվրոպական խորհրդի նիստերի եզրակացությունների:

Այժմ հատկապես կարևոր է բոլոր քաղաքական ուժերի միջև կառուցողական և ներառական երկխոսությունը։

Նոյեմբերի իր նիստում Եվրոպական խորհուրդը կգնահատի ներկա իրավիճակը և կորոշի հետագա քայլերը Վրաստանի հետ մեր հարաբերություններում»: 

Նշենք, որ ավելի վաղ, ԵԱՀԿ-ի, Եվրոպայի խորհրդի, Եվրախորհրդարանի և ՆԱՏՕ-ի միջազգային դիտորդների համատեղ առաքելութը հայտարարություն էր տարածել։

Նշելով, որ քվեարկության գործընթացը ընդհանուր առմամբ լավ կազմակերպված էր, դիտորդները միևնույն ժամանակ մատնանշեցին, որ ներկայիս «լարված իրավիճակը» և «անհավասար խաղադաշտը» խաթարում են ընտրությունների արդյունքների նկատմամբ վստահությունը։ Ի վերջո, ինչպես երևում է համատեղ հայտարարությունից, Վրաստանում ընտրական գործընթացը բավարար չափով չի համապատասխանել միջազգային ժողովրդավարական սկզբունքներին։

Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպությունը (ԵԱՀԿ) նույնպես դատապարտել է ձայների գնման, կրկնակի քվեարկության, ֆիզիկական բռնության և ահաբեկման դեպքերը:

Եվրախորհրդարանի պատվիրակության ղեկավար Անտոնիո Լոպես-Իսթուրիզ Ուայթը Թբիլիսիում կայացած մամուլի ասուլիսում նշել է, որ իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը թշնամական հռետորաբանություն է կիրառել ընտրություններին ընդառաջ, ինչպես նաև «նպաստել ռուսական ապատեղեկատվությանը»՝ փորձելով «խաթարել և շահարկել քվեարկությունը»:

Միևնույն ժամանակ, ԵԱՀԿ առաքելության ղեկավար Պասկալ Ալիզարը նշել է ընտրողների բարձր մասնակցությունը, ինչպես նաև դիտորդների մեծ թիվը տարբեր քաղաքական կուսակցություններից, ինչը, նրա կարծիքով, վկայում է ընտրողների աճի և զարգացման մասին։ 

Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերջին նախնական արդյունքների համաձայն՝ իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը վերջին խորհրդարանական ընտրություններում առաջատարն է՝ ստանալով ձայների 53,92%-ը։ 5 տոկոսի արգելքը հաղթահարել են չորս ընդդիմադիր ուժեր՝ «Փոփոխությունների կոալիցիան», որն ունի 11,04 տոկոս, «Միասնություն-Ազգային շարժում» կուսակցությունը (10,16%), «Հզոր Վրաստանը» (8,8%) և «Գախարիան հանուն Վրաստանի» (7,8%)։

Բացի այդ, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախնական տվյալներով, արտասահմանում բացված 67 ընտրատեղամասերում առաջատար է ընդդիմադիր «Հանուն Փոփոխությունների» կոալիցիան՝ 33,32% ձայն։ «Վրացական երազանքն» արտասահմանում միայն չորրորդ տեղում է (13,33%)։