Շենքից շենք շարժվելը դեռ «Շարժում» չէ

Երեկ խորհրդարանական ընդդիմությունը լսումներ էր կազմակերպել Ազգային ժողովում Անկախության հռչակագրի թեմայով։ Լսումներին մասնակցում էր նաև վերջին շրջանում ընդդիմադիր շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը, որն իր խոսքը սկսեց աղոթքով։
Թե ով, ինչ նոր բան լսեց այդ լսումների ժամանակ, որ մինչ այդ չէր լսել և ինչ ազդեցություն թողեցին այդ լսումները ժողովրդի վրա, որին անընդհատ ուզում են արթնացնել, «խոդի գցել», որ ոտքի կանգնի և փրկի երկիրը այս իշխանություններից, դա թող որոշի այդ լսումներին հետևած հանրությունը։ Ավելի ստույգ՝ հանրության այն հատվածը, որը և՛ հետևել է, և՛ ֆիքսվել ոչ թե մի երկու հայհոյախառն ելույթի ու դրան հաջորդած միջադեպի, այլ հենց բուն օրակարգային հարցերի ու դրանց վերաբերյալ հնչած ելույթների բովանդակության վրա։
Մինչ լսումների մեկնարկը միջանցքում հանդիպեցինք Բագրատ Սրբազանի գլխավորած շարժման անդամներին, որոնք այս ընթացքում նրա կողքին էին և հենց նրանք էին հիմնական մասսան ապահովում Սրբազանի քայլերթերի և ակցիաների ժամանակ։ Երեկ էլ խորհրդարանական լսւոմներին էին թվաքանակ ու բովանդակություն ապահովում այդ մարդիկ։
Նրանցից մեկը՝ ինձ մտերիմ և իմ կողմից հարգված մի գործիչ, նախկին բարձրաստիճան պաշտոնյա, տեսնելով ինձ միջանցքում՝ մոտեցավ և մտերմաբար կշտամբեց, թե՝ «ի՞նչ ես էդքան քննադատում Շարժումը»։ Ես էլ կեսկատակ հակադարձեցի՝ իսկ Դուք այստեղ Շարժո՞ւմ եք տեսնում, որ մի հատ էլ քննադատեմ։ Իրականում, ես բացի Սրբազանին ուղղած իմ՝ երբեմն ոչ հաճելի հարցերից, մեծ հաշվով, այս Շարժումը չեմ քննադատել, որովհետև քննադատելու համար պետք է որևէ բան արվի, որ քննադատես։
Ամենայն հարգանքով, բայց այն, որ Բագրատ Սրբազանն իր կողմնակիցների հետ ժամանակ առ ժամանակ տեղից տեղ ու շենքից շենք է շարժվում, դա դեռ Շարժում չէ։ Նախ, պետք է շարժել անշարժը, որ ստանաք այն իրականը, որը կարող է հավակնել Շարժում կոչվածին։ Իսկ իրական Շարժումը ենթադրում է հստակ օրակարգ, հստակ ճանապարհային քարտեզ, հստակ պատասխաններ որոշ հարցերի, որոնք չեն տրվում:
Հետևապես, պետք չէ ինքնախաբեությամբ և անիմաստ շարժումներով զբաղվել՝ մարդկանց երեսին թոզ փչելով, թե իրենք լուրջ շարժում են ձևավորել ու լրագրողներին էլ մեղադրել այդ «Շարժումը» քննադատելու մեջ։ Նույն կերպ դահլիճ մտնելուց առաջ Բագրատ Սրբազանը էլի հեռակա մեղադրեց լրատվադաշտին, թե այս ամբողջ ժամանակահատվածում հասարակությունը ենթարկված է տեղեկատվական ահաբեկության։ Այսինքն՝ դուք ամեն ինչ ճիշտ եք անում, լրագրողներն էլ ձեզ ահաբեկո՞ւմ են։
Հասկացանք, իշխանական լրատվամիջոցները Շարժման առաջին օրերին իսկապես տեղեկատվական տեռորի էին ենթարկում Բագրատ Սրբազանին և նրա ամեն մի քայլը։ Բայց դրան, նախ, պետք է պատրաստ լիներ Սրբազանը, որ իշխանությունը դիմելու է ամեն մի՝ նույնիսկ անբարո և անօրինական քայլի, որ տապալի շարժումը և թույլ չտա հասնելու իշխանափոխության, մյուս կողմից՝ Շարժման մասնակիցներն իրենք պետք է իրենց քայլերն այնպես հաշվարկեին, որ կարողանային ճիշտ դիմագրավել բոլոր փորձություններին և հասնեին հաջողության։
Հիմա, երբ բացառապես իրենց թույլ տված քայլերի, անհեռատես ու անիրատեսական գործողությունների հետևանքով Շարժումը փաստացի դոփում է տեղում՝ սահմանափակվելով միայն այս կամ այն պետական շենքի դիմաց փոքրաթիվ ակցիաներ իրականացնելով, ապա պետք չէ ձախողման մեղքը բարդել լրատվամիջոցների վրա կամ անհատ լրագրողներին մեղադրել իրենց անշարժ կանգնած Շարժումը քննադատելու մեջ։ Դուք սկսեք արագ շարժվել դեպի նպատակակետ, տեսեք՝ որևէ մեկը կհասցնի՞ ձեզ քննադատել։ Հազիվ հասցնենք ձեր հետևից վազել, ուր մնաց՝ քննադատենք։
Իսկ հիմա, երբ տեղում դոփում եք՝ անիմաստ ջուր ծեծելով և շարժման իմիտացիա ստեղծելով, մեզ մնում է ընդամենը արձանագրել դա, որը դուք քննադատություն եք համարում։ Բացի այդ, չմոռանանք, որ քննադատելն էլ միանգամայն նորմալ է, չէ՞ որ դուք պայքարում եք նաև դրա համար, որ ազատվեք այս իշխանությունից և ունենաք իրական խոսքի ազատություն և իրական ժողովրդավարական արժեքներ։ Թե՞ չեք ուզում։
Վահե Մակարյան