ԲՏԱ նախարարությունը՝ այն մասին, թե ինչ կապ ունի Հայրաապետյանը պատգամավորի հայտարարության հետ

ԲՏԱ նախարարի խոսնակ Կարինե Տերտերյանը փորձել է հիմնավորել, թե ինչ կապ ունի նախարար Մխիթար Հայրապետյանը՝ պատգամավոր Հակոբ Ասլանյանի՝ քիչ առաջ տարածած հայտարարության հետ․
«Պատգամավոր Հակոբ Ասլանյանն ՀՀ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանի դպրոցական ուսուցիչն է եղել, 2016 թվականին ՔՊ-ին անդամագրվել է նախարարի միջոցով։ Ասլանյանն այսօր խորհրդակցել է նախարարի հետ և խնդրել իրեն օգնել իր հայտարարության տեքստի հետ կապված:
Այսքանը»:
Հիշեցնենք՝ Հակոբ Ասլանյանը քիչ առաջ ֆեյսբուքյան իր էջում հրապարակել էր մի հայտարարություն, որում նշված էր, թե փոխել է ՔՊ խմբակցության հետ համագործակցությունը դադարեցնելու իր մտադրությունը։ Ասլանյանը, սակայն, հավանաբար չէր նկատել, որ հրապարակում է իր և ԲՏԱ նախարար Մխիթարյանի երկխոսության սքրինշոթը, որից պարզ էր դառնում, որ տեքստն իրեն ուղարկել է Հայրապետյանը։
Դրանից հետո Ասլանյանը ևս 4 անգամ հրապարակեց հայտարարության սքրինշոթը, բայց արդեն այնպես, որ Մխիթար Հայրապետյանի անունը չերևա։ Հակոբ Ասլանյանի ֆեյսբուքյան էջից անհետացավ այն տարբերակը, որում երևում էր նաև Մխիթար Հայրապետյանի անունը։