Լարված վիճակ՝ Ստեփանակերտում. Արայիկ Հարությունյանը շտապել է Երևան

Լարված վիճակ՝ Ստեփանակերտում. Արայիկ Հարությունյանը շտապել է Երևան

Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում, նախագահական նստավայրի դիմաց, անցած երկու օրերին տեղի են ունեցել բազմամարդ հանրահավաքներ, որոնց մասնակիցները Արայիկ Հարությունյանից պարզաբանումներ են պահանջում Արցախի Հանրապետության ճակատագրի վերաբերյալ:

Արցախում բողոքի նոր ալիք բարձրացրին Պրահայում Փաշինյան-Ալիև պայմանավորվածությունները, ըստ որոնց, Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը: Բազմաթիվ փորձագետներ սա համարում են Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչելու քայլ՝ ՀՀ իշխանության կողմից:

Երեկ հայտնի է դարձել, որ պատվիրակություն է մեկնում Երևան՝ Արցախի շուրջ ստեղծված վիճակը քննարկելու:
Արայիկ Հարությունյանից բացի, Հայաստանի իշխանության հետ հանդիպումներին կմասնակցեն ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը, արտգործնախարար Դավիթ Բաբայանը, Աժ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վահրամ Բալայանը և նախագահի խորհրդական Մասիս Մայիլյանը:

Արցախում առանձնապես մեծ սպասելիքներ Արայիկ Հարությունյանի ու նրա պատվիրակության երևանյան այցից չունեն: Ի դեպ, պաշտոնական Երևանն էլ հասկացնում է, որ Արցախում Հայաստանից ակնկալիքներ չունենան: «Ցավոք, 44-օրյա պատերազմի հետևանքով ՀՀ-ն այլևս չունի հնարավորություն և ռեսուրս ապահովելու Արցախի ժողովրդի անվտանգությունը»,- «Ֆակտոր» TV-ին ասել է ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը։

Ենթադրաբար, Արցախում տարերային հուզումները շարունակվելու են: Արդյո՞ք սրանով է պայմանավորված Արայիկ Հարությունյանի մտադրությունը՝ պետնախարարի պաշտոնում նշանակել գործարար Ռուբեն Վարդանյանին, ինչը փաստացի կարող է նշանակել իշխանության սահուն տրանզիտ: Արդյո՞ք այս լուծումը բավարարելու է արցախցիներին, թե՞ հանրահավաքներում այլ օրակարգ առաջ կքաշվի: Եվ վերջապես՝ հուզումները կսահմանափակվեն Ստեփանակերտի Վերածննդի հրապարակո՞վ, թե՞ կտեղափոխվեն նաև Երևան: Սրանք հարցեր են, որոնց պատասխանները կունենանք, թերևս, առաջիկա օրերին:

Վահրամ Բագրատյան