​Նոր Ջուղայի հայկական Սուրբ Ամենափրկիչ վանքը հաղթանակ է բերել հայ նկարչին

​Նոր Ջուղայի հայկական Սուրբ Ամենափրկիչ վանքը հաղթանակ է բերել հայ նկարչին

Ապրիլի 26-ին Իրանի Սպահան քաղաքում տեղի է ունեցել «Սպահանի 2-րդ միջազգային մանկապատանեկան նկարչության մրցույթի» փակման արարողությունն ու մրցանակաբաշխությունը: Տեղեկանում ենք Իրանում ՀՀ դեսպանության տարածած մամուլի հաղորդագրությունից։ 

Հայաստանից երեք մասնակից արժանացել է մրցանակի։

Փակման արարողությանը կազմակերպիչները ներկայացրել են Սպահան քաղաքի տեսարժան վայրերն ու հոգևոր-մշակութաին արժեքները, որոնց շարքում իր ուրույն տեղն ուներ Սպահանի Նոր Ջուղայի հայկական Սուրբ Ամենափրկիչ վանքը:

Միջոցառմանը ներկա էին Սպահանի քաղաքապետ Ալի Ղասեմզադեն, փոխքաղաքապետ Մոջթաբա Շահմորադին, ԻԻՀ-ում ՀՀ դեսպանության խորհրդական Սերգեյ Գրիգորյանը և բազմաթիվ մանուկներ ու պատանիներ:

Այս տարի մրցույթին մասնակցության հայտ էին ներկայացրել 4-18 տարեկան մանուկներ և պատանիներ Իրանից և արտերկրից։ Մրցույթի կազմակերպչական կոմիտեն ստացել էր շուրջ 5000 ստեղծագործություն, որից 175-ը՝ Հայաստանից։ Ներկայացված ստեղծագործությունների քանակով Հայաստանն առաջատարն էր արտասահմանյան երկրների շարքում:

«Սպահանի 2-րդ միջազգային մանկապատանեկան նկարչության մրցույթը» տեղի էր ունենում «Սպահանի մշակութային շաբաթվա» միջոցառումների շրջանակում, որի նպատակն էր նոր սերնդի մոտ հարազատ քաղաքի հանդեպ ճանաչողության մակարդակի բարձրացումն ու զարգացումը: