Բրիթնի Սփիրսը չի կարողացել թողարկել իր հուշագրությունները թղթի պակասի պատճառով

Ամերիկացի փոփ երգչուհի Բրիթնի Սփիրսն ավարտել է իր հուշագրությունները, սակայն թղթի պակասի պատճառով չի կարողանում դրանք թողարկել, հայտնում է TMZ-ը։
Գիրքը պետք է թողարկվեր 2023 թվականի հունվարին «Simon & Schuster» հրատարակության կողմից, սակայն թղթի պակասի պատճառով Սփիրսը eu նրա թիմը ստիպված են եղել անորոշ ժամանակով հետաձգել թողարկման ամսաթիվը։
Երգչուհին հուշագրությունները հրատարակելու վերաբերյալ պայմանագիրը կնքել է դեռ այս տարվա փետրվարին։ Այդ ժամանակ Simon & Schuster-ը Սփիրսին 15 միլիոն դոլարի կանխավճար է տվել։ Երգչուհին ծրագրում էր պատմել իր ստեղծագործական գործունեության, ինչպես նաեւ իր նկատմամբ խնամակալության շրջանում ընտանիքի հետ ունեցած կոնֆլիկտների մասին։
Հաղորդվում է, որ թղթի պակասի երկու հիմնական պատճառ կա։ Համաճարակի ժամանակ մարդիկ սկսել են ավելի շատ տպագիր հրատարակություններ պատվիրել, ինչը հանգեցրել է թղթի սպառման աճի, բացի այդ՝ ցելյուլոզի եւ թղթի գործարանների աշխատակիցները սկսել են զանգվածաբար հեռանալ։