Ի՞նչ է պատահում մարդու հետ, երբ թրոմբը պոկվում է

Ի՞նչ է պատահում մարդու հետ, երբ թրոմբը պոկվում է

Թրոմբը արյան խտացած զանգվածներն են, որոնք առաջանում են արյունատար անոթներում և հանգեցնում են դրանց մասնակի կամ ամբողջական խցանման։ Այլ կերպ ասած՝ արյան մակարդումն է արյունատար անոթի ներսում, ինչը կոչվում է թրոմբոզ։

Թրոմբների առաջացման հիմնական պատճառը արյան մակարդելիության համակարգի աշխատանքի խանգարումն է։ Արյունատար անոթի ներքին մակերևույթի վնասվածքները դրա առաջանցման համար ամենահարմար պայմաններն են։

Թրոմբները շատ վտանգավոր են, քանի որ դրանց ձևավորման վաղ փուլերում մարդու օրգանիզմի ընդհանուր վիճակի որևէ փոփոխություն չի նկատվում, սակայն  ժամանակին միջոցներ չձեռնարկելու դեպքում այն կարող է հանգեցնել ճակատագրական հետևանքների։

Մարդու օրգանիզմում թրոմբների առկայությունը նման է «դանդաղ գործող ռումբի», որն ամեն վայրկյան կարող է պայթել։ Գոյություն ունի մի քանի տասնյակ պատճառ, որոնցով կարող է պայմանավորված լինել թրոմբի՝ անոթի պատից պոկվելը։  Ձեզ ենք ներկայացնում դրանցից ամենահավանականները։

·         Առաջին պատճառը արյունատար անոթի մասնակի խցանումն է։ Այս դեպքում արյան խիտ զանգվածը բավական կայուն չէ և կարող է ամեն վայրկյան պոկվել արյան հոսքի հետևանքով։

·         Երկրորդ հավանական պատճառը օրգանիզմում արյան հոսքի արագացումն է։ Երբեմն արյան հոսքը կարող է այնքան ինտենսիվ լինել, որ հնարավոր է անջանտվի նույնիսկ ամենակայուն թրոմբը։

Անջատվելուց հետո թրոմբը կարող է տեղաշարժվել կամ ամբողջական վիճակում, կամ մասնատված, ինչը կհանգեցնի միևնույն ժամանակ տարբեր չափերի մի քանի անոթի խցանման։

Խոշոր զարկերակների խցանումը կարող է հանգեցնել վայրկենական մահվան։

Հարկ է հիշել, որ, անկախ թրոմբի գտնվելու վայրից, այն պետք է ժամանակին ախտորոշել և բուժել՝ դրա անջատման հետևանքով հետագա հնարավոր բարդություններից խուսափելու համար։