Կիրանցում անգործություն է․ անասնապահության համար՝ արոտավայր, ցանքսի համար՝ վարելահող չկա (լուսանկար)

Կիրանցում անգործություն է․ անասնապահության համար՝ արոտավայր, ցանքսի համար՝ վարելահող չկա (լուսանկար)

Չնայած Նիկոլ Փաշինյանն առիթը բաց չի թողնում սահմանազատման վերաբերյալ ամեն անգամ հիշեցնել Կիրանցի օրինակը, Տավուշի մարզի սահմանամերձ գյուղում, մեղմ ասած, այդքան էլ գոհ չեն։

MediaHub-ը պարբերաբար կապ է հաստատում կիրանցեցիների հետ։ Վերջիններս դեմ չեն սահմանազատման-սահմանագծման գործընթացին, բայց ոչ այն տարբերակով, որը հապճեպ, առանց կանոնակարգի է տեղի ունեցել, և նկատի չեն առնվել անվտանգային հիմնահարցերը։

«Նախքան սահմանազատումը, ավելի ճիշտ՝ նախքան ադրբեջանցիներին «հյուրընկալելը», վերջին տարիներին միջինում կատարվել է 30-ից 40 հեկտար  աշնանացան ցորենի և գարու ցանք: Սահմանազատումից հետո պատկերը փոխվել է։ Այս պահի դրությամբ ունենք ընդամենը 2-ից 3 հեկտար վարված հող, իսկ աշնանացան ցորենի և գարու ոչ մի ցանքս»,- MediaHub-ին ասում է Կիրանցի բնակիչը՝ նշելով, որ տեղացիները վաճառել են անասունները: 

Նախկինում այստեղ բնակիչների հիմնական զբաղմունքը եղել է հողագործությունը և անասնապահությունը։ Սահմանազատումից հետո, ըստ տեղի բնակիչների, ո՛չ արոտավայր է մնացել, ո՛չ վարելահող։ Մինչդեռ հակառակն է ադրբեջանական կողմում։

«Հուլիսին մեր հողատարածքներում մեր արտերի հունձը կատարել են ադրբեջանցիները, հիմա էլ պատրաստվում են աշնանացանին։ Իրենց դաշտերը մշակված ու ցանված են: Հիմա, երբ խոսում են ամուր սահմանի, պարտադիր դելիմիտացիայի-դեմարկացիայի մասին, թող նշեն նաև դրա մասին։ Կիրանցում անգործություն է»,- հավելեց մեր զրուցակիցը։ 

Հունան Թադևոսյան