Փաշինյանի «արշավը» «Բրյուսովի» դեմ

Փաշինյանի «արշավը» «Բրյուսովի» դեմ

Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանում ռեկտորի ընտրություններից երկու շաբաթ անց իրավապահները քննություն են սկսել՝ պարզելու՝ արդյոք ընտրությունները ուղեկցվել են խուլիգանությամբ, իսկ հոգաբարձուների խորհրդի նիստի ժամանակ էլ կեղծիքներ են եղել։

Այս մասին հաղորդագրություն տարածած Գլխավոր դատախազությունը չի մանրամասնում տեղի ունեցածը, միայն նշվում է, որ կա երկու գործ՝ մեկը՝ խուլիգանության, մյուսն էլ փաստաթղթեր կեղծելու հոդվածներով, չի հաղորդում մեղադրյալների մասին։

Ռեկտորի ընտրությունները դեկտեմբերի 9-ին էին, հաղթեց գործող ռեկտոր Կարինե Հարությունյանն ու իշխանություններն ամեն ինչ անում են՝ նրա ընտրությունը չհաստատելու համար:

Առհասարակ, «Բրյուսովում» ոչ հաճո ռեկտորի ընտրությունը Փաշինյանը շատ ծանր է տարել, գուցե ավելի, քան Լաչինի միջանցքի փակումը:

«Բրյուսովի» պատմության առաջին զոհերը դարձան փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը և ԿԳՍՄ նախարար Վահրամ Դումանյանը, ովքեր անմիջապես պաշտոնանկ արվեցին՝ վարչապետի հանձնարարությունը «ճիշտ» չկատարելու համար:

Հիմա արդեն Փաշինյանն ամեն ինչ անում է, որպեսզի նախադրյալներ ստեղծվեն՝ ռեկտորի նոր ընտրություններ անցկացնելու համար:

Կասկած չկա, որ «ժողովրդավարական» Հայաստանում վերաքվեարկությունը տեղի կունենա օրենքի, ավելի ճիշտ՝ Նիկոլի տարին համապատասխան ու շատ շուտով «Բրյուսովը» կունենա նոր ռեկտոր՝ «հեղափոխական», Փաշինյանի հանձնարարությունները «ճիշտ» հասկացող:

 

Վահրամ Բագրատյան