Նիկոլ Փաշինյանը տառապում է «ստոկհոլմյան սինդրոմով», երբ զոհը սիրահարվում է իրեն բռնության ենթարկողին

Նիկոլ Փաշինյանը տառապում է «ստոկհոլմյան սինդրոմով», երբ զոհը սիրահարվում է իրեն բռնության ենթարկողին

Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Ադրբեջանի հետ համաձայնեցվել են նաև խաղաղության պայմանագրի վերջին երկու դրույթները ու կողմերը պատրաստ են խաղաղության պայմանագիրը ստորագրելուն։ Իրականում այդ համաձայեցնել ասվածը շատ մեղմ ձևակերպում է, մոտավորապես «ստոկհոլմյան սինդրոմի» մոտիվներով, երբ զոհը սիրահարվում է իրեն բռնության ենթարկողին, որովհետև ոչ թե համաձայնեցվել են վերջին երկու դրույթները, այլ Հայաստանն ընդունել է Ադրբեջանի պայմանները, ինչպես մնացած բոլոր դեպքերում։

Հայաստանը ստորագրեց կապիտուլյացիոն կրկնակի ակտ ու դրա դիմաց չստացավ ոչինչ, որովհետև ի տարբերություն Հայաստանի, Ադրբեջանը հստակ հայտարարեց, որ խաղաղության որևէ պայմանագիր չի ստորագրելու, քանի որ առաջ է քաշել նոր պահանջներ, որոնք կատարելու դեպքում միայն նա կստորագրի այդ պայմանագիրը, եթե, իհարկե, ընդհանրապես ստորագրի։

Այդ համատեքստում ավելի քան վիրավորական էին Ալիևի հայտարարությունները։ Այն նույն ժամանակահատվածում, երբ Փաշինյանը ինքնամոռաց շեշտում էր, որ Ադրբեջանի հետ բոլոր հարցերը լուծված են, Ալիևը հայտարարեց, որ Հայաստանի նկատմամբ վստահությունը մոտ է զրոյի, նրանք այն մարդիկ չեն, որոնց կարելի է վստահել։ Ալիևը շեշտեց, որ Փաշինյանի ասածները ոչ մի նշանակություն չունեն ու իրենց փաստաթղթեր են պետք, իսկ Հայաստանի Սահմանադրությունում դեռևս առկա են տարածքային պահանջներ։

Արդեն իսկ պարզ է, որ խաղաղության պայմանագիրը չի ստորագրվի այնքան ժամանակ, մինչև Հայաստանը չտրամադրի «Զանգեզուրի միջանցք» կոչվածը, չփոխի Սահմանադրությունը, չհրաժարվի Բաքվի բանտերում գտնվող մեր հայրենակիցներից, Բաքվին չհանձնի մեր ազգային հերոսներին ու Ադրբեջանին չվճարի միլիարդավոր դոլարներ։

Գրեթե կասկած չկա, որ այդ պահանջների բավարարմանը կհաջորդեն այլ պահանջներ, որոնք ի վերջո հանգեցնելու են Հայաստանի Հանրապետության լուծարմանը։
Ալիևի ագրեսիվ հռետորաբանության ֆոնին առավել քան զզվելի էր Փաշինյանի հարցազրույցը թուրք լրագրողներին։ Նրանց ներկայությամբ Փաշինյանն այնքան բացահայտորեն էր քծնում թուրքերին ու Էրդողանին, որ ստորացուցիչ էր ողջ ազգի համար։ Դրան գումարած հերթական անգամ ուրացավ Հայոց ցեղասպանությունը, շեշտելով, որ Հայաստանը չի հետապնդում ցեղասպանության միջազգային ճանաչման հարց, իսկ պատմությունը քաղաքական ընկալման խնդիր է։ 

Ի հավելումն թուրք լրագրողի հարցի, թե Փաշինյանն ինչ ուղերձ կցանկանար հղել թուրք հասարակությանը, Նիկոլ Փաշինյանն այնքան անկարող եղավ որևէ քաղաքական միտք արտաբերել, որ հայտարարեց, իբր մեր ու թուրքերի բազմաթիվ ասացվածքներն ու ասույթները նույնն են։ Դրանով Փաշինյանը հայերին ու թուրքերին նույնացրեց իրար, որովհետև բոլոր ազգերի ասացվածքները բխում են տվյալ ազգի մտածելակերպից, ավանդույթներից, նկարագրից ու պատմությունից։

Կարեն Կարապետյան