Դատարանը մերժել է 2 հայերին ձերբակալելու ոստիկանության հայցը. ի՞նչ էր կատարվել և ի՞նչ իրավիճակ է այժմ Երուսաղեմում

Դատարանը մերժել է 2 հայերին ձերբակալելու ոստիկանության հայցը. ի՞նչ էր կատարվել և ի՞նչ իրավիճակ է այժմ Երուսաղեմում

Երուսաղեմի քաղաքային դատարանը մերժել է երկու հայ ակտիվիստներ՝ Բեդիկ Կիրակոսյանին և Փոլ Ջերնազյանին ձերբակալելու ոստիկանության հայցը։  Հիշեցնենք, որ այս երկու տղաները երկար ժամանակ պաշտպանում են հայկական թաղամասի վարձակալած հատվածը։ Գործարքն այժմ հայկական կողմը վիճարկում է Երուսաղեմի դատարանում, և քանի դեռ վերջնական որոշում չի կայացվել, վարձակալներն իրավունք չունեն այնտեղ որևէ բան կառուցել։ Հայտնի չէ, թե դատարանն ինչ որոշում կկայացնի, քանի որ, ցավոք, Պատրիարքարանը հավանություն է տվել գործարքին ու ստորագրել պայմանագիրը։ 

Նշվում է, որ եղել են մի շարք ֆորմալ խախտումներ և կոռուպցիոն տարր (երկու կողմից՝ և՛ հայկական, և՛ վարձակալական ընկերության), բայց չենք կարող ասել, թե դատարանն ինչ կորոշի։

MediaHub-ի աղբյուրների փոխանցմամբ, դեկտեմբերի 28-ին, մոտ 30 խուլիգաններ, հիմնականում արաբներ, վարձակալի կողմից վարձակալված (ավստրալա-իսրայելական «Xena Gardens» ընկերություն) փորձել են բռնի ուժով հեռացնել հայերին այս տարածքից։ Հայերը ընդդիմացել են, և ժամանած ոստիկանությունը ձերբակալել է ինչպես հայերի, այնպես էլ նրանց վրա հարձակված արաբների։

Սակայն նրանց երկար չեն պահել. ավելի ուշ ազատ են արձակվել, քանի որ նրանց փաստաբանները ձերբակալությունից անմիջապես հետո բողոքարկել են գործը Երուսաղեմի դատարանում։ Ավելի ուշ բոլոր բերման ենթարկվածներն ազատ են արձակվել։ 

Հիշեցնենք, որ Երուսաղեմի Հայոց պատրիարքարանը հայտնել էր, որ հայկական թաղամասը դեկտեմբերի 29-ին հարձակման է ենթարկվել․ ավելի քան երեք տասնյակ դիմակավորված զինված անձինք ներխուժել են հայերին պատկանող հողատարածք, ըստ հայկական կողմի՝ եղել են ծանր վիրավորներ:

Մինչդեռ Երուսաղեմի փոխքաղաքապետ Ֆլեր Հասան-Նահում The Jerusalem Post -ին ասել էր, որ ոչ թե հարձակում է եղել, այլ ծեծկռտուք արաբ մահմեդական տղամարդկանց և հայ համայնքի ներկայացուցիչների միջև։ 

Դեկտեմբերի 30-ին՝ առավոտյան, ավելի քան հարյուր հրեա մտավորականներ՝ Իսրայելի հրթիռահարվող հյուսիսային շրջաններից մինչև Գազայի գոտու հարակից շրջանների բնակիչներ, եկել էին իրենց համերաշխությունը հայտնելու հայ ժողովրդին, երուսաղահայերին ու պատրիարքարանին։ 

Ավելի վաղ հայտնել էինք, որ «Կովերի պարտեզը» վեճերի կենտրոնում է հայտնվել ապրիլից, երբ հայտնի դարձավ, որ դեռևս երկու տարի առաջ Պատրիարքարանը դրա մի մասը 100 տարով վարձակալության է տվել իսրայելական մի ընկերության՝ հյուրանոց կառուցելու համար։ Հայ համայնքն ամիսներ շարունակ փորձում է չեղարկել գործարքը, որով Պատրիարքարանը զրկվում է մի քանի շինություններից, 5 ընտանիք՝ սեփական տնից։ Պատրիարքարանը պնդում է, թե գործարքը տեղի է ունեցել խարդախությամբ, ինչի համար կալվածքների տեսչության տնօրեն, պարետ Երեցյանը կարգալույծ է արվել ու արտաքսվել։ Վարձակալ ընկերությունը, սակայն, հայկական կողմի փաստարկները չի ընդունում և փորձում է շարունակել շինարարությունը։