ՔՊ-ականների «խաղաղության դարաշրջանում» հայ զինվորներ են զոհվում

ՔՊ-ականների «խաղաղության դարաշրջանում» հայ զինվորներ են զոհվում

Վարդենիսի ուղղությամբ հունիսի 18-ին հակառակորդի կրակոցից ժամկետային զինծառայող է զոհվել:

Փաշինյանն ու ՔՊ-ական խմբակն ամեն օր հայտարարում են, որ «խաղաղության դարաշրջան» են բերում, սակայն խաղաղության պայմաններում հայ զինվորներ են զոհվում: ՀՀ քաղաքացիները պետք է տեսնեն, որ ՔՊ-ականների բոլոր, այդ թվում խաղաղության մասին հայտարարությունները «փուչիկ» են՝ Ադրբեջանը կրակելու է այնքան ժամանակ, քանի դեռ չի ստացել համարժեք պատասխան, ինչպես դա արվում էր Փաշինյանի կողմից քննադատվող «նախկինների» օրոք:

Հակառակորդը հասկանում է միայն ուժի լեզուն՝ թույլերին չեն հարգում, նրանց միայն խղճում են: 2018թ.-ից մինչև այսօր՝ ՔՊ-ականների կառավարման օրոք հազարավոր հայ զինվորներ են զոհվել՝ թե Արցախում՝ 44-օրյա պատերազմի օրերին, թե հայ-ադրբեջանական սահմանի տարբեր հատվածներում: ՔՊ-ականները ՊՆ նախարար են նշանակել ուսուցչին՝ Սուրեն Պապիկյանին: Քանի դեռ զինվորական գործի հետ զրո կապ ունեցող կադրեր են ղեկավարելու ՀՀ ուժային կառույցները, ցավոք, հայ զինվորներ են զոհվելու, իսկ հակառակորդը խորանալու է ՀՀ սուվերեն տարածք:

Ադրբեջանի համար «խաղաղության դարաշրջանը» ՀՀ ու Արցախի ոչնչացումն է՝ քաղաքական, ռազմական իմաստներով՝ կապիտուլյացիան, ինչին չեն հակադրվում ՔՊ-ականները: ՔՊ-ականներն անգամ իրենց մեջ քաջություն չեն գտնում հայտարարելու, որ Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում, իսկ հայ գերիների խնդիրների մասին գործող իշխանությունները մոռացել են:

ՀՀ-ում իշխանափոխությունն ու հզոր բանակի կառուցումը կարող է կանխել այն աղետը, ողբերգությունը, որ տեղի է ունենում հայ-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով՝ Բաքուն պատրաստվում է հայաթափել Արցախը, գրավել Սյունիքը և թույլ չտալ, որպեսզի հայերն ունենան մարտունակ բանակ: ՔՊ-ականներն ապացուցել են, որ չեն կարող հակադրվել Իլհամ Ալիևին՝ այս պարագայում թուրք-ադրբեջանական տանդեմին կարող է հակադրվել և հայկական շահերը պաշտպանել միայն ընդդիմությունը:

Վահրամ Բագրատյան