Երևանը քայքայում է բոլոր կապերը Մոսկվայի հետ, Ալիևը հրաշալի օգտագործում է ցանկացած առիթ․ Աշոտյան

Երևանը քայքայում է բոլոր կապերը Մոսկվայի հետ, Ալիևը  հրաշալի օգտագործում է ցանկացած առիթ․ Աշոտյան

Երբ Փաշինյանն ասում է՝ պիտի սովորենք առանց երրորդ կողմի ապրել այս տարածաշրջանում, սա նշանակում է՝ կամ ապրել Թուրքիայի տակ, կամ ընդհանրապես չապրել. Արմեն Աշոտյան

«5 հարց՝ Արմեն Աշոտյանին» հեռակա զրույցի շրջանակներում ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը դարձյալ պատասխանել է քաղաքացիների հարցերին:

Քաղաքացի Դավիթ Կիրակոսյանը նրան հարցրել է.

«Մայիսի 7-ին եթե Նիկոլը գնա կամ չգնա Պուտինի ինագուրացիային, ի՞նչ հետևանքներ կլինեն այս կամ այն դեպքում»:

Արմեն Աշոտյանը կալանավայրից պատասխանել է.

«Նման մի հարցի նախորդ անգամ անդրադարձել էի: Այստեղ կհավելեմ միայն, որ մեր տարածաշրջանային իրողություններն այնպիսին են, որ հայ-ռուսական հարաբերությունների վերջնական փլուզումը կփլուզի նաև թուրք-ադրբեջանական վիշապին զսպող վերջին պատնեշները:

Երբ Փաշինյանն ասում է, որ պիտի սովորենք առանց երրորդ կողմի ապրել այս տարածաշրջանում, սա նշանակում է՝ կամ ապրել Թուրքիայի տակ, կամ ընդհանրապես չապրել: Պատկերացնո՞ւմ եք՝ նման հայտարարություն աներ Իսրայելի վարչապետն ԱՄՆ-ի մասով, ի՞նչ հեռանկարներ կամ ճակատագիր կունենար հրեական պետությունն այդ դեպքում:

Նիկոլի այդ հայտարարությունը նաև խոստովանություն է առ այն, որ «Արևմուտք ենք գնում», «Եվրոպա ենք մտնում» լոլոները հերթական սուտն էին, բլեֆը, հեքիաթը: Եվրոպայում մեզ ոչ ոք չի սպասում (այս հարցի մասին շուտով հոդված եմ հրապարակելու՝ համապատասխան ապացույցներով):

Մինչ պաշտոնական Երևանը քայքայում է բոլոր կապերը Մոսկվայի հետ, Ալիևը ցավագինորեն հրաշալի օգտագործում է ցանկացած առիթ՝ իրեն բնորոշ կեղծավորությամբ և քծնանքով ՌԴ-ի հետ կապերն ամրացնելու և Մոսկվային հին Երևանի դեմ տրամադրելու ուղղությամբ:

Որքան էլ Ռուսաստանում հայտարարում են, որ իրենց համար Նիկոլը՝ մի կողմ, հայ ժողովուրդը՝ մի կողմ, տեսանելի է, որ այդ տարանջատումը միշտ չէ, որ ֆունկցիոնալ առումով լիարժեք աշխատում է կամ կաշխատի: Ապրիլի 24-ին ռուսական բարձրաստիճան անդրադարձի բացակայությունն այս խնդրի հետևանքներից էր»: