Սա մահակ է, գիլիոտին՝ ուղղված ազատ խոսքի դեմ. Սաթիկ Սեյրանյանը՝ օրենքում փոփոխությունների մասին

Սա մահակ է, գիլիոտին՝ ուղղված ազատ խոսքի դեմ. Սաթիկ Սեյրանյանը՝ օրենքում փոփոխությունների մասին

MediaHub-ը երեկ գրել էր, որ իշխանությունը «Զանգվածային լրատվության մասին» օրենքում և հարակից օրենքներում փոփոխություն և լրացում կատարելու մասին նախագիծ է մշակել, որով ցանկանում է սահմանել լրատվամիջոցների ինքնակարգավորման հասկացությունը` որպես լրատվամիջոցի սոցիալական պատասխանատվության բաղադրիչ: Գրել էինք նաև, որ նախագծի մեխը, թերևս, օրենքը լրացնելն է նոր՝ 6.1-ին հոդվածով, որը վերաբերում է Մեդիա խորհուրդ ստեղծելուն և ինքնակարգավորման միջոցների ճանաչմանը:

MediaHub-ի հետ զրույցում Ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանը նշեց, որ այս իշխանություններին խանգարում է հատկապես ընդդիմադիր մամուլը, և իրենց ներքաղաքական որոշ գործողություններից, քաղաքական ընդդիմախոսների նկատմամբ հետապնդումներից, հաշվեհարդարներից հետո հատկապես գործի է դրվելու մամուլը, ազատ խոսքը լռեցնելու գործիքակազմը, ինչի մասին բարձրաձայնվել է բազմիցս։

«Նիկոլ Փաշինյանի վերջին ասուլիսից հետո տեսնում ենք, թե իրեն սուր հարցեր հնչեցնող լրագրողների նկատմամբ ինչպիսի հետապնդումներ են սկսվել. նա այդ հարցերից հունից դուրս եկավ, իր նախապես պատրաստած ելույթն ու հարցուպատասխանները «ջուրը թափվեցին», պայթեց այդ սուտը՝ բոլորի աչքի առաջ, և հրահանգը իջեցվեց՝ պատժել, հետապնդել՝ ինչպե՞ս կարող եք իրեն նման հարցեր տալ... Մենք ամեն օր ականատես ենք լինում նաև դրվագների, թե ինչպես են սոցիալական ցանցերում՝ հատկապես Ֆեյսբուքում գրառումների համար,  հրապարակային ելույթներում հնչեցված խոսքի համար հետապնդվում սովորական քաղաքացիները, հանրային, քաղաքական գործիչները»,- նշեց Սեյրանյանը: 

Նա հիշեցրեց, որ դեռևս 5 ամիս առաջ մամուլը գրել էր, որ իշխանությունները   Զանգվածային լրատվամիջոցների (ԶԼՄ)  գործունեության «կարգավորմանն» ուղղված հայեցակարգի աշխատանքային փաստաթուղթ են պատրաստել, որը հերթական քողարկված գիլիոտինն է Զանգվածային լրատվամիջոցների պարանոցին:

Հայեցակարգը, ըստ մամուլի հրապարակումների, «մշակել» է արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը՝  անձամբ Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ: 

«Հիմա, սակայն, պարզ է դառնում նրանց մտադրությունների դիվային ողջ պլանը. եթե նախկինում մտածված էր ընդունել հայեցակարգը, 1-2 տարվա ընթացքում այդ հայեցակարգի հիման վրա փոփոխություն կատարել «ԶԼՄ մասին» օրենքում, ապա հիմա իրենց ցանկալի փոփոխություններն անմիջապես արել են հենց օրենքում»,- նշեց մեր զրուցակիցը:

Անդրադառնալով ստեղծվելիք Մեդիա խորհրդին, Սաթիկ Սեյրանյանը հիշեցրեց ձևակերպումը՝  օրենքն ուժի մեջ մտնելու պահին Հայաստանում գրանցված և սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահի դրությամբ վերջին 15 տարիների ընթացքում լրագրության ոլորտում իրավապաշտպան գործունեություն ծավալած հասարակական կազմակերպությունների մեկական ներկայացուցիչների կողմից եռամսյա ժամկետում ձևավորվում է ինքնակարգավորման միջոցների ճանաչման և Մեդիա խորհրդի ձևավորման հանձնաժողով։ 

«Պարզ է, չէ՞, ովքեր են լինելու այդ հանձնաժողովի կազմում»,- հարցադրում արեց նա:

«Կամ «Օրենքի նախագծով առաջարկվում է փոփոխություններ կատարել 1-ին, 2-3-4-րդ հոդվածներում»: Հոդված 4-ի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված է. «Հանձնաժողովը ձևավորումից հետո՝ 6 ամսվա ընթացքում մշակում և հրապարակում է էթիկայի կանոնագրի օրինակելի դրույթները, ինքնակարգավորման միջոցների օրինակելի չափանիշներն ու պահանջները՝ միջազգայնորեն ընդունված չափանիշներիի հիման վրա»: Իսկ 3-րդ մասով՝ սույն մասի 2-րդ կետով սահմանված գործողությունները կատարելուց հետո Հանձնաժողովը մեկ տարվա ընթացքում ուսումնասիրում է Հայաստանում գործող ինքնակարգավորման միջոցների և էթիկայի կանոնագրերի համապատասխանությունը սահմանված չափանիշներին և պահանջներին, որոնց համապատասխանության հավաստման դեպքում համապատասխան միջոցի անդամակցող կամ ունեցող լրատվական գործունեություն իրականացնող անձը կամ լրագրողը համարվելու է  հանրային իրազեկման միջոց տարածող: Սա նշանակում է, որ իշխանությունն իր կողմից դրածո Հանձնաժողովի ձեռքով անցանկալի լրատվամիջոցներին և ոչ միայն նրանց չի ճանաչելու հանրային իրազեկման միջոց տարածող: Այսինքն՝ ում ուզեն, կճանաչեն որպես մեդիա, մյուսներին կփակեն: Ընդ որում, այս գաղափարը նրանք փորձում էին իրականացնել դեռ 2018-ի «հեղափոխություն» կոչվածից հետո, բայց որոշ  ընդդիմադիր ԶԼՄ-ների խմբագիրների, մեդիա մասնագետների հետ առանձին հանդիպումներից հետո հասկացան, որ դեռ «հողը պատրաստ չէ» դա իրագործելու համար, ընդվզում կլինի, և թողեցին ավելի ուշ անելու: Այս ընթացքում այլ սահմանափակումներ արեցին՝ օրենքներ գրեցին առանց մեդիա-մասնագիտական համայնքի տեսակետը հարցնելու՝ հենվելով իշխանամերձ որոշ ՀԿ-ների ներկայացուցիչների տեսակետների վրա, դատական հայցեր սկսեցին ներկայացնել, հետապնդման գործիքներ կիրառել, գովազդը սահմանափակել, որպեսզի ֆինանսապես ծանր դրության մեջ դնեն մեդիային...  Բոլոր այս փոփոխությունները միտված են ազատ մեդիան, ազատ խոսքը, ԶԼՄ-ների գործունեությունը սահմանափակելուն»,- շեշտեց նա:

Օրենքի 3-րդ հոդվածը լրացրել են 6.1 հոդվածով, ըստ որի՝ «Մեդիա խորհուրդի կողմից վարվում է հանրային իրազեկման միջոց տարածողների հրապարակային ռեեստրը»:

Ժուռնալիստների միության նախագահն ասաց, որ ըստ իրավաբանների՝ սա նշանակում է, որ ԶԼՄ-ների ու առհասարակ հանրային իրազեկման միջոց տարածողների ողջ ցանկը լինելու է այդ խորհրդի ձեռքում՝ իր բոլոր հետևանքներով: 

Սաթիկ Սեյրանյանը վստահ է, որ ԶԼՄ ներկայացուցիչները, առանձին լրագրողները, հասարակական կազմակերպությունները չպետք է թույլ տան այս օրենքի անցկացումը: 

«Սա մահակ է, գիլիոտին՝ ուղղված ազատ խոսքի դեմ, և սա միայն մամուլի և մամուլի աշխատողների դեմ չեն գործածելու, այլև բոլոր այն քաղաքացիների, ովքեր մամուլի միջոցով փորձելու են բարձրաձայնել իշխանությունների կողմից իրենց հետապնդումների, իրենց դեմ ոտնձգությունների, իրավունքների խախտումների, բոլոր տեսակի ապօրինությունների, կոռուպցիոն երևույթների, հակահայկական որոշումների դեմ ընդվզող գործողությունների մասին: Տեսնենք, թե միջազգային համապատասխան կառույցներն ինչպես են ԼՌԵԼՈՒ՝ մասնակից դառնալով այս իշխանությունների՝ մամուլի, ազատ խոսքի դեմ տարվող քաղաքականության: Նրանց կողմից մամուլի, խոսքի ազատության միջազգային, օրացուցային տոների օրերին հնչեցրած որևէ շնորհավորանք այսքանից հետո գրոշի արժեք չի ունենա:  Նրանց լռությունը ես կդիտարկեմ՝ որպես հանցակցություն»,- հավելեց նա:

Վահե Մակարյան