Հայաստանում հաստատված է քաղաքական մեծամասնության դիկտատուրա․ Թաթոյան

Ակնհայտ է, որ ժողովրդավարական արժեքների հետ կապված լուրջ խնդիրներ ունենք։ Այդ մասին այսօր հրավիրված ասուլիսում ասաց ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը։

Նրա խոսքով՝ Հայաստանում հաստատված է քաղաքական մեծամասնության դիկտատուրա, քանի որ ամեն ինչ կենտրոնացված է մեկ կուսակցության ձեռքում, և նրա շահերին են ծառայեցվում պետական ռեսուրսները։

«Այսօր նայեք երկրի ղեկավարի դերն ու խորհրդարանական վերահսկողությունը։ Դուք կարո՞ղ եք ասել, որ մենք ունենք խորհրդարանական մեծամասնություն։ Դուք լսած կա՞ք, որ խորհրդարանական մեծամասնությունը գոնե մեկ անգամ քննադատած լինի կառավարությանը։ Ոչ, փոխարենը կառավարության ղեկավարը խորհրդարանականներին վերաբերում է որպես իր աշխատողների»,- ներկայացրեց Թաթոյանը։

Նրա դիտարկմամբ՝ իշխանական խմբակցությունը չունի ինքնուրույնություն, և դա էլ հանգեցրել է նրան, որ այլևս գոյություն չունի հանրային հաշվետվողականություն։

«Ես այսօր համոզված եմ, որ պետական համակարգը մարդուն չի ծառայում, այլ ծառայում է միայն անձնային, քաղաքական շահերի, որը մեծագույն խնդիր է»,- շեշտեց Թաթոյանը։

Ըստ նրա՝ մեզ նաև պետք է հանրային համերաշխություն, մենք չպետք է ունենանք ներքին թշնամի, և իրենք այդ ուղղությամբ հստակ աշխատանքներ են անելու։