«Այդ բանը» նախ Թուրքիային մեղադրում էր, հիմա՝ ցավակցում․ Վարդանյանը՝ Փաշինյանին

Այս իշխանության ավերմունքը, այս իշխանության բերած հակասական հայտարարությունները պարզ են։ Այդ մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը։

Անդրադառնալով Թուրքիային հումանիտար աջակցություն ուղարկելու Փաշինյանի որոշմանը՝ Աղվան Վարդանյանը հիշեցրեց, թե 44-օրյա պատերազմի ընթացքում ինչ հայտարարություններ էին հնչում նույն Փաշինյանի շուրթերից։

«Շատ բան պետք չէ ճանաչելու մարդու, իշխանության բնույթը։ Պարզ է՝ երկրաշարժ է, մարդիկ են զոհվում, բայց պիտի հիշես, չէ՞, քո նախկին հայտարարությունները։ Սա ի՞նչ է նշանակում, սա նշանակում է, որ այս մարդիկ կուլ են գնացել, տրվել են, հանձնվել են»,- նշեց Վարդանյանը։

Դիտարկմանը, թե դա մարդասիրություն է, Վարդանյանը նշեց՝ ինչպե՞ս կարելի է Իրանին չցավակցել, Թուրքիային ցավակցել, այն էլ նախկինում հնչած հայտարարություններից հետո։

«2020-ի ամբողջ ընթացքում «այդ բանը» տասնյակ հարցազրույցներ է տվել ու Թուրքիային մեղադրել։ Բնույթն է այպիսին»,- նկատեց Վարդանյանը։

Հարցին, թե ընդդիմությունն ի՞նչ է անելու «այդ բանին» հեռացնելու համար, Վարդանյանը հիշեցրեց ընդդիմության փողոցային պայքարը, ապա նշեց, որ այո՛, իրենք չեն հաջողել, դա էլ ընդդիմության ոչ միասնական լինելու արդյունք է։

«Իննսուն օր է՝ ընդդիմությունը փողոցում չէ, ո՞ւր են մյուս մարդիկ, որոնք ասում էին՝ իրենք կարող են պայքարել ու հեռացնել այս իշխանությանը։ Ինչո՞ւ նոր առաջնորդներ չեն հայտնվում, չէ՞ որ քննադատում էին»,- նկատեց Վարդանյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։