ՔՊ-ականների քայլերի հետևանքով ՀՀ-ն վերածվում է «failed state»-ի

ՔՊ-ականների քայլերի հետևանքով ՀՀ-ն վերածվում է «failed state»-ի

Ադրբեջանական մեքենաները մեր ճանապարհը օգտագործելիս խնդիր չեն ունենա. դա միջանցք չի լինի: Այդ մասին հայտարարել է ՔՊ-ական Անդրանիկ Քոչարյանը:

ՔՊ-ականները, միմյանց հերթ չտալով, հայտարարում են, որ Հայաստանը որևէ միջանցք չի տրամադրելու Ադրբեջանին, սակայն 2018թ.-ից ի վեր Փաշինյանն ու թիմն այնքան են ստել հայ ժողովրդին՝ ֆեյքոկրատիան դարձնելով կառավարման հիմնասյուն, որ հայ ազգն այլևս չի հավատում ՔՊ-ականների ոչ մի խոստման:

Արդյոք ՀՀ-ն կտրամադրի՞ միջանցք, թե ոչ՝ չգիտի ոչ Անդրանիկ Քոչարյանը, ոչ անգամ Նիկոլ Փաշինյանը՝ դա որոշվում է այլ մայրաքաղաքներում՝ Անկարայի և Բաքվի շահերը հաշվի առնելով:

ՔՊ-ականները ցանկանում են որևէ կերպ դեպի մարում տանել ընդդիմության համաժողովրդական ցույցերն ու խոստումներ են տալիս հայ հասարակությանը՝ շուտով նրանք կարող է հայտարարեն, որ հաջորդ տարի Փաշինյանը ռազմական շքերթ է ընդունելու Շուշիում: Հազարավոր ֆեյքեր այդ լուրը կտարածեն՝ հայ հասարակության դեռևս մոլորության մեջ ապրող հատվածը կհավանի այդ լուրն ու կտարածի, իսկ Շուշիում շարունակելու է հնչել ադրբեջանական մուղամը:

Հայաստանը միջանցք չի տրամադրի թուրք-ադրբեջանական տանդեմին միայն մեկ պարագայում՝ Երևանում ՔՊ-ական իշխանությունների օպերատիվ կերպով հեռացման: ՔՊ-ականներն իրենց իշխանության պահպանման, երկարաձգման համար պատրաստ են խոստանալ «ծովից ծով» Հայաստան, իսկ իրականում գնալ նորանոր զիջումների Իլհամ Ալիևին՝ այսպես կոչված, Զանգեզուրի միջանցքի, «ադրբեջանական անկլավների» և այլ հարցերում:

ՔՊ-ականները 2018թ.-ից ի վեր կատարում են Փաշինյանի հրահանգները՝ նրանք կարծիք են հայտնում՝ Փաշինյանի «դաբրոն» ստանալով և ասում են այն, ինչ ձեռնտու է գործող վարչակազմին: ՀՀ քաղաքացիները պետք է լսեն ոչ թե փաշինյանական թիմի խոստումները, որոնց ճնշող մեծամասնությունը ֆեյք է, այլ իրական քայլերը՝ ադրբեջանական զորքերը ՀՀ սուվերեն տարածքում են, Ալիևը հայտարարում է Զանգեզուրյան միջանցքի մասին՝ ինտենսիվ կերպով կառուցելով ավտոմոբիլային և երկաթգծային ճանապարհներ դեպի Սյունիքի մարզ:

Իշխանափոխությունը ՀՀ-ում պետք է տեղի ունենա շատ արագ, քանի դեռ ՔՊ-ն չի գնացել այնպիսի զիջումների, որոնք կլինեն կործանարար հայոց պետականության համար: Արցախյան պատերազմի արդյունքները վկայում են այն մասին, որ ՔՊ-ի օրոք Հայաստանը վերածվում է «failed state»-ի՝դրանից բխող բոլոր տխուր հետևանքներով:

 

Վահրամ Բագրատյան