Ուզում եք գան, մեզ վերջնական կոտորե՞ն․ սահմանամերձ Մարգարայում դեմ են թուրքի հետ բարեկամությանը

Սահմանամերձ Մարգարայում մարդիկ իրենց տան բակից անգամ տեսնում են թուրքին, մեզ ցեղասպանած, բայց վերջին երկու տարում հայաստանյան իշխանությունների կառուցողական հարևանին, որի հետ հարաբերությունները կարգավորելու համար արդեն իսկ մեկնարկել են ճանապարհաշինական աշխատանքները։

Ամբողջ տարի ռուս խաղաղապահների, իսկ ամռանը՝ նաև արագիլների կողմից հսկվող այս գյուղում Թուրքիայի հետ սահմանը բացելու, նրա հետ բարեկամական հարաբերություններ կառուցելու մասին գյուղաբնակներից ոչ ոք կարծիք չի հարցրել։

Կարծիք հարցնող չկա, իսկ մեր դարավոր թշնամու հետ բաեկամությանը դեմ արտահայտվողները քիչ չեն։

Բացի ֆիզիկական անվտանգությունը, շատ են նաև տնտեսական վտանգները․ գյուղացին լավ է հասկանում, որ թուրքական շուկան խեղդելու է հայկականին, իրենց արտադրանքն էլ դառնալու է անասնակեր։

Թուրքական շուկան դեռ չի մտել Հայաստան, բայց գյուղացին այսօր էլ մի լավ օրի չէ, քանի որ, մեղմ ասած, անտեսված է։

Մարգարայի բնակիչների խոսքով՝ միայն մի դեպքում կարելի է խոսել Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումից, եթե հստակ քաղաքականություն լիներ որդեգրված, որ Արցախի հարցը չի շահարկվելու։ Հայ-թուրքական սահմանը երրորդ երկրների համար բացելու պայմանավորվածությունը ձեռք է բերվել հուլիսի մեկին, Վիեննայում, հայ և թուրք բանագնացներ Ռուբեն Ռուբինյանի և Սերդար Քըլըչի չորրոդ հանդիպման ժամանակ։

Նարե Գևորգյան