Մեծ պատերազմի ուրվականը 

Մեծ պատերազմի ուրվականը 

Իսրայելական բանակի հետևակը երեկ երեկոյան մուտք է գործել Լիբանան, իսկ հրետանին ընդլայնում է հարձակումների աշխարհագրությունը. հրետակոծվում է Լիբանանի տարածքը։ 

Իսրայելը ներխուժել է Լիբանան, ֆորմալ պատերազմը «Հըզբոլլահի» դեմ է, բայց իրական թիրախն Իրանն է: 

Այս ամենի հետևանքով կա՛մ թուլանալու է Թեհրանի տարածաշրջանային ազդեցությունը, որը կարևոր գործոն է Հայաստանի տարածքային ամբողջականության պահպանման հարցում, կա՛մ Իրանը ներքաշվելու է մեծ պատերազմի մեջ, ինչն Արևմուտքի և Իսրայելի համար անգամներով մեծացնելու է Ադրբեջանի ստրատեգիական կշիռը: 

Իրավիճակը խիստ պայթյունավտանգ է, բայց արդյո՞ք ադեկվատ է Հայաստանի իշխանության պահվածքը, արդյո՞ք երկրի բարձրագույն իշխանության, Անվտանգության խորհրդի մակարդակով անցկացվում են նիստեր, քննարկվում են տարբեր սցենարներ:

Առնվազն կանխատեսելի է, որ պատերազմական գործողությունների աշխարհագրության ընդլայնումը հանգեցնելու է մի իրավիճակի, որ Լիբանանում, գուցե նաև Իրանում ապրող մեր հայրենակիցները ստիպված են լինելու դեպի Հայաստան գալ:

Արդյո՞ք Հայաստանի իշխանությունները հաշվարկել են այս սցենարը և պատրա՞ստ են արժանապատիվ ընդունել մեր հայրենակիցներին:

Էլ չասած այն սցենարի մասին, որ Իրանի հնարավոր ներգրավումը պատերազմական գործողություններում տարածաշրջանում կարող է միանգամայն նոր ստատուս-քվոն ստեղծել, ինչը Հայաստանի իշխանություններից պահանջելու է ճկուն և բազմաշերտ քաղաքականություն:

Վահրամ Բագրատյան