Սեդրակ Առուստամյանի հարցաքննությո՞ւնն է ավելի կարևոր, թե՞ Գագիկ Խաչատրյանի կյանքը

Սեդրակ Առուստամյանի հարցաքննությո՞ւնն է ավելի կարևոր, թե՞ Գագիկ Խաչատրյանի կյանքը

ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի գործով վերջին անձի հարցաքննությունը հնարավոր է կրկին հետաձգվի, քանի որ պաշտպանական կողմը կրկին միջնորդություն է ներկայացրել, որպեսզի քննվի Գագիկ Խաչատրյանի՝ արտերկրում բուժում ստանալու հարցը։
Պաշտպանական կողմը պնդում է, որ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակն օր օրի վատանում է, ուստի առաջնահերթ է նրա բուժման հարցը քննելը։

Մեղադրող դատախազը դեմ արտահայտվեց այս միջնորդության քննությանը, քանի որ, նրա խոսքով, անհիմն հետաձգվում է գործով հարցաքննվող վերջին անձի՝ Սեդրակ Առուստամյանի հարցաքննությունը։

«Որպեսզի այս հարցաքննությունն անհարկի չհետաձգվի, առաջարկում եմ նախ Սեդրակ Առուստամյանին հարցաքննենք, ապա Գագիկ Խաչատրյանի պաշտպանական թիմի ներկայացրած միջնորդությունը քննենք։ Ես էլ միջնորդում եմ, որ պաշտպանական կողմի միջնորդությունը Սեդրակ Առուստամյանի հարցաքննությունից հետո լինի»,- նշեց մեղադրող դատախազը։

Պաշտպանական կողմի փաստաբանական թիմն էլ կարծիք հայտնեց, որ տպավորություն է, թե դատարանը խուսափում է քննել միջնորդությունը, ըստ որի՝ Գագիկ Խաչատրյանը պետք է մեկնի Գերմանիա ու բուժվի։

«Մենք դեմ չենք, որ Սեդրակ Առուստամյանը հարցաքննվի, բայց գոյություն ունեն առաջնահերթություններ։ Հանրային շահը կյանքի իրավունքն է նաև։ Ի՞նչն է խանգարում, որ նախ միջնորդությունը քննենք, ապա հարցաքննեք Սեդրակ Առուստամյանին»,- ասաց Խաչատրյանի փաստաբան Երեմ Սարգսյանը։

Նա հիշեցրեց, որ Գագիկ Խաչատրյանի մոտ երկար նստելու դեպքում սուր ցավեր են առաջանում։

«Հիմա եթե հարցաքննությունից հետո նորից պարոն Խաչատրյանի մոտ սուր ցավեր եղավ ու մեր միջնորդությունը չքննվեց, նորմալ կլինի՞։ Սեդրակ Առուստամյանի հարցաքննությո՞ւնն է ավելի կարևոր, թե՞ Գագիկ Խաչատրյանի կյանքը»,- նշեց փաստաբանը։