««ԶԱՐԹԻՐ ԼԱՈ»-ն ուժի մեջ է». նոր պայքարի են պատրաստվում. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.
Վերջին շրջանում Հայաստանի իշխանություններն ամենաբարձր մակարդակով շարունակ հայտարարում են, որ պատրաստվում են մինչեւ տարեվերջ խաղաղության պայմանագիր կնքել Ադրբեջանի հետ։ Իսկ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը նաեւ պնդել էր, թե պայմանագիրն ու սահմանների դելիմիտացիան փոխկապակցված են եւ պետք է միաժամանակ արվեն։ Ընդդիմադիրներն էլ սրան զուգահեռ պնդում են, որ ստորագրվող փաստաթուղթը ոչ թե խաղաղության, այլ երկրորդ կապիտուլյացիայի փաստաթուղթն է լինելու, որն արդեն սպառնալու է ոչ միայն Արցախի, այլեւ Հայաստանի բուն գոյությանը։
Եթե այդ փաստաթուղթն այդքան աղետաբեր է, Հայաստանի ընդդիմությունը պատրաստվո՞ւմ է կանխել սույն պայմանագրի ստորագրումը, նոր կապիտուլյացիան` ի՞նչ քայլերով, ի՞նչ մեթոդներով։ Երեկ փորձեցինք այս հարցերի պատասխանները ստանալ խորհրդարանական ընդդիմությունից, որը դեռեւս նախորդ գումարման նստաշրջանի վերջից բոյկոտել է խորհրդարանական աշխատանքները, բայց ստացվել է այնպես, որ հիմա ո՛չ խորհրդարան են գնում, ո՛չ էլ փողոց են դուրս գալիս՝ պայքարը շարունակելու։
ԱԺ «Հայաստան» խմբակցության դաշնակցական պատգամավոր Թադեւոս Ավետիսյանը վստահ է, որ նոր փաստաթղթի ստորագրումը կանխող քայլեր անելու են, սակայն դրանց մասին ինքը «պատրաստ չէ խոսել»: «Պատրաստ չեմ, որովհետեւ չգիտեմ անելիքների մասին։ Ես վերջնական քննարկումներից տեղյակ չեմ, դրա համար եմ ասում՝ պատրաստ չեմ։ Քննարկումներ, անշուշտ, կան, բայց օրերի մասին ես տեղեկություն չունեմ։ Չունեմ ինֆորմացիա նաեւ ֆորմատի վերաբերյալ»,- ասաց Ավետիսյանը՝ խորհուրդ տալով դիմել ՀՅԴ Գերագույն մարմնին` գուցե այնտեղ մեր հարցերին կարողանան պատասխանել։
Մեկ այլ դաշնակցական պատգամավոր` Արթուր Խաչատրյանն էլ տեղեկացրեց, որ քննարկումները միայն ԳՄ ձեւաչափով չեն․ «Տարբեր ձեւաչափերով, տարբեր մասնակիցներով»: Հետաքրքրվեցինք՝ ինքը ներգրավվա՞ծ է այդ տարբեր ձեւաչափերից որեւէ մեկում։ «Ես ասացի, որ անուններ չեմ տալու»։ Իսկ գուցե փակագծեր չեք բացում, որովհետեւ իրականում ոչ մի քննարկում էլ չկա՞, ամեն ինչ անշրջելի՞ է։ «Անշրջելին միայն մահն է»,- փիլիսոփայեց պարոն Խաչատրյանը։
Արծվիկ Մինասյանի, Իշխան Սաղաթելյանի հետ կապ հաստատելու զուր փորձերից հետո խոսեցինք ՀՅԴ-ական Գեղամ Մանուկյանի հետ։ Պարզվեց՝ ընդդիմության շարքերում նոր վիրուս է տարածվել՝ կա՛մ կցկտուր են պատասխանում լրագրողների հարցերին, կա՛մ էլ նոր մեթոդներով են որոշել հարաբերվել։ Մանուկյանը մեր հարցերին պատասխանելու փոխարեն խորհուրդ տվեց լսել իր՝ Իշխան Սաղաթելյանի հետ օրերս ունեցած հրապարակային զրույցը եւ, ըստ էության, գուշակել, թե պարոն Սաղաթելյանն ինչպես կարող էր պատասխանել մեր հարցերին։
Մոտ մեկ ժամանոց զրույցում ընդդիմադիր պատգամավորները գուժում են Հայաստանին սպասվող նոր աղետի մասին, հիշում են Դիմադրության շարժման ընթացքում կրած զրկանքները եւ ընդամենը 3-4 րոպե խոսում առաջիկա անելիքների մասին։ Իշխան Սաղաթելյանը վստահեցնում է, որ ամեն ինչ անելու են երկրի նոր կապիտուլյացիան կանխելու համար, թե ինչպես՝ փակագծեր չի բացում։
««Զարթիր լաո»-ն ուժի մեջ է, այստեղ չի կարող փոփոխություն լինել։ Այս օրերի պասիվությունը դիտարկեք որպես մեծ պրոցեսին պատրաստվելու գործընթաց։ Իշխանությունն արագ սցենարով երկիրը տանում է կործանման, ընդդիմությունը գիշեր-ցերեկ պետք է խոսի ժողովրդի հետ, բացատրի, խնդրի, մանրամասնի, որ ինչ է սպասվում մեզ: Քամուց արյան հոտ է գալիս, մենք մոտ ենք նոր պատերազմի, սա ցեղասպանությունից առաջ խրախճանք է, փողի խրախճանք, թուրքական փողով ուզում են բթացնել հասարակության զգոնությունը, պատահական չէ, որ Երեւանում տեղի են ունենում մեծ համերգներ»,- ասում է Դիմադրության շարժման առաջնորդը։
Ի դեպ, տեղեկություններ կան, որ ընդդիմությունը նախատեսում է նոյեմբերի 9-ի կապիտուլյացիայի օրը խորհրդանշական հավաք նախաձեռնելով` ստուգել հանրային արձագանքը, որից հետո էլ պարզ կդառնա՝ առաջիկա գործողություններ կլինե՞ն, թե՞ ոչ։
Ամբողջությամբ հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում