Opel-ը վրաերթի է ենթարկել կին հետիոտնի. վերջինս հիվանդանոցում մահացել է

Այսօր՝ հոկտեմբերի 9-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 20:50-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ 53-ամյա Կարեն Հ.-ն իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով Երևան-Արմավիր ավտոճանապարհի Մուսալեռ գյուղի վարչական տարածքում վրաերթի է ենթարկել կին հետիոտնի:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը տեղափոխվել է «Վաղարշապատ» բժշկական կենտրոն:
Վիրավորին առաջինն օգնության են հասել քաղաքացիները և «Վաղարշապատ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը:
Մինչ քննչական խմբի ժամանումը հիվանդանոցից ահազանգ է ստացվում ոստիկանության Վաղարշապատի բաժին և հայտնում են, որ վրաերթի ենթարկվածը վերակենդանացման բաժանմունքում մահացել է:
Դեպքի փաստով Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը:
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է ոստիկանության Վաղարշապատի բաժնի պահպանվող հատուկ տարածք:
Վարորդը ենթարկվել սթափության փորձաքննության, եղել է սթափ:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ հարվածի արդյունքում վրաերթի ենթարկվածի մատը կտրվել ու մնացել է ավտոմեքենայի վրա: