Հովիկ Աղազարյանի հետ վիճաբանած քաղաքացին ազատ է արձակվել. ՔԿ

Հովիկ Աղազարյանի հետ վիճաբանած քաղաքացին ազատ է արձակվել. ՔԿ

Երեկ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանի եւ առևտրականի միջև տեղի ունեցած քաշքշուկի գործով ձերբակալված անձն ազատ է արձակվել։ Այս մասին Mediahub.am-ի հետ զրույցում ասել է Քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը՝ ընդգծելով, որ որևէ անձի նկատմամբ մեղադրանք չի առաջադրվել, քննությունը շարունակվում է։

Ավելի վաղ հայտնել էինք, որ  Արաբկիր վարչական շրջանի կարտոֆիլի շուկա կոչվող հատվածում ծեծկռտուք է տեղի ունեցել ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանի և կարտոֆիլ վաճառող մի տղամարդու միջև։

MediaHub.am-ը Քննչական կոմիտեից տեղեկացավ, որ գործի առնչությամբ վարույթ է սկսվել, պատգամավոր Հովիկ Աղազարյանը ճանաչվել է տուժող։ 

Նշենք, որ Աղազարյանը դեպքը մեկնաբանել ու նշել է, թե իր կնոջ հետ առևտուր անելիս է եղել, երբ նկատել է, որ Տիգրանյան փողոցի երթևեկելի հատվածի մի մասը առևտրականները փակել և բանջարեղեն են վաճառում, հորդորել է բացել ճանապարհը, ինչին առևտրականներն ընդդիմացել են և սկսվել է քաշքշոց։

MediaHub.am-ը եղել է դեպքի վայրում, որտեղ ականատեսներն այլ բան են պատմել։

Մասնավորապես, նշել են, որ Աղազարյանը մոտեցել ու ոտքով հարվածել է կարտոֆիլի պարկերին, բանջարեղենը թափվել է գետնին, իսկ պատգամավորը սկսել է հայհոյել վաճառողին, որը մոտեցել և իրեն հարցրել է՝ «ի՞նչ է եղել, հոպար ջան»։

Այդ ամենից հետո փոխադարձ հայհոյանքների տարափ է եղել, ապա Աղազարյանը ոստիկանություն է դիմել։