Գուրգեն Արսենյանի առաքելությունը համարենք ավարտված... մինչ քաղաքական նոր պատվերը

«Ձեզ թվում է` դուք տրիբունալի մասնակի՞ք եք։ Ո՞վ եք, արա, դուք․․․», «Ինչի՞ մասին եք խոսում, էս ի՞նչ սպառնալիքներ եք ուղղում ՀՀ գործող օրինական իշխանությանը, ասենք՝ դուք տե՞ր եք ձեր սպառնալիքներին։ Իշխանությունը հասկանում է իր ասածի ու արածի մուլտիպլիկացիան, թե ինչ կարող է դրանից լինել։ Այսօր նստած հաթաթաներ եք տալիս, հայ-ադրբեջանական հարաբերությունների մասին ինչ-որ ռոմանտիկ դրսևորումներ եք անում, երևի ինչ-որ բան մոռացել եք իրականությունից։ Մոռացել եք, թե հայ-ադրբեջանական հարաբերությունների զարգացումն ինչի բերեց, ինչի առջև ենք մենք հիմա կանգնած։ Հայաստանի Հանրապետությունն ու Հայաստանի ժողովուրդը, անընդհատ 120 հազար մարդ… 3 մլն Հայաստանի բնակիչներ, պատասխանատու ենք մենք այդ մարդկանց համար, պատասխանատու ենք մեր երկրի համար, առաջնահերթությունները ճիշտ դրեք, ճիշտ պատկերացրեք»։
Մեջբերումների հեղինակը ՔՊ-ական պատգամավոր Գուրգեն Արսենյանն է, օրերս ելույթ է ունեցել երկրի թիվ մեկ քաղաքական ամբիոնից։
Պարզ է, չէ՞, որ Նիկոլ Փաշինյանը համեմատության մեջ չէր դնելու Արցախի 120 հազար քաղաքացիներին ՀՀ 3.000.000 քաղաքացիների հետ ու արցախահայերին զոհեր հանուն 3 միլիոն հայերի փրկության։
Փաշինյանը մոտավորապես նման բան արդեն արել էր, երբ մարդկային կյանքերի գնով 44 օր ձգեց պատերազմը, հետո հանձնեց Արցախի 75 տոկոսը ու հայտարարեց, թե այդպիսով փրկել է 25 հազար մարդու կյանք։
Փաշինյանին պետք եկավ բոլոր իշխանությունների հետ սերտաճած Գուրգեն Արսենյանը, որի որդին նորից դատվելու շեմին էր։ Միայնակ ընդդիմադիրների դեմ կռվում հերոսացած ՔՊ-ական Արսենյանի՝ վերեւում արված հայտարարություններից 4 օր անց Քննչական կոմիտեն կարճեց նրա կրտսեր որդու՝ Բաբկեն Արսենյանի նկատմամբ հարուցված քրեական վարույթը։ Իշխանական պատգամավորի որդին մոտ 3 ամիս առաջ էր ձերբակալվել՝ սառը զենք կրելու կասկածանքով։ Մոտը հայտնաբերել էին 2 կացին եւ 16․5 սմ շեղբի երկարությամբ դանակ։
Ձերբակալումից հետո Արսենյանի որդին տեղափոխվեց Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն՝ նախկին «Նուբարաշեն» հոգեբուժական կլինիկա՝ իբրեւ բուժում ստանալու նպատակով։ Երեկ պարզվեց, որ Քննչական կոմիտեն նրա մոտ հայտնաբերված իրերը սառը զենք չի համարել ու կարճել է նախաձեռնված վարույթը։
«Ստացվել է քրեագիտական փորձաքննության եզրակացությունը, որի համաձայն նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերված դանակը եւ կացնիկները սառը զենք չեն։ Հիմք ընդունելով այդ հանգամանքը՝ հանցակազմի բացակայության հիմքով վարույթը կարճվել է»,- MediaHub-ին ասաց ՔԿ խոսնակ Գոռ Աբրահամյանը։
Իշխանական պատգամավորի՝ մի քանի անգամ դատապարտված որդին մի անգամ էլ կալանավորվել էր հոր տնից 20․000 դրամի հափշտակության գործով։
Հարցի պատասխանը, թե ինչո՞ւ Արսենյանն այդպիսի խիզախություն դրսևորեց ու օրերս Ազգային ժողովում բացառապես ընդդիմադիրների մասնակցությամբ խորհրդարանական լսումներին մասնակցեց՝ միակը իշխանությունից ու միայնակ իր վրա վերցնելով քննադատությունների տեղատարափը, հենց մակերեսին էր. Արցախի, այնտեղ ապրող հայության, ընդդիմադիրների հասցեին իր ելույթի շնորհակալությունը եղավ Արսենյանի որդուն չդատելու գինը։
Այսպիսով, այս պահին Արսենյանի առաքելությունը համարենք ավարտված՝ մինչ որդու հաջորդ արկածները կամ քաղաքական նոր պատվերը։ Իսկ որ դա լինելու է, ինչպես նաև այն, որ Արսենյանը շարունակելու է ծառայել օրվա իշխանություններին, ինչպես արել է թե՛ նախկինում, թե՛ այսօր, ակնհայտ է:
Լիա Սարգսյան