Աշխարհը՝ պարենային ճգնաժամից դուրս գալու ուղիներ փնտրելիս. ի՞նչ տվեց ստամբուլյան հանդիպումը

Մարտի 29-ից ի վեր առաջին անգամ Ստամբուլի պատմական Քալենդեր պալատում կայացել է ռուս և ուկրաինացի պաշտոնյաների առաջին դեմ առ դեմ հանդիպումը: Սակայն, Ռուսաստանի, Թուրքիայի, Ուկրաինայի և ՄԱԿ-ի ներկայացուցիչներին այս անգամ մեկտեղել էր Սև ծովի նավահանգիստներում արգելափակված ուկրաինական ցորենի անվտանգ դուրսբերումն ու միջազգային շուկա արտահանումը։ 

Բանակցությունների արդյունքում Ռուսաստանի, Թուրքիայի, Ուկրաինայի և ՄԱԿ-ի պատվիրակությունները պայմանավորվածություն են ձեռք բերել Ստամբուլում հացահատիկի արտահանման համակարգող կենտրոն ստեղծելու մասին:

Թուրքիայյի պաշտպանության նախարար Հուլիոս Աքարը դրական և կառուցողական է համարել հանդիպումը: Հանդիպման արդյունքում համաձայնություն է ձեռք բերվել ստեղծել համակարգող կենտրոն, որտեղ կլինեն բոլոր կողմերի ներկայացուցիչները։

Աշխարհաքաղաքական այլ զարգացումներ էլ նույն ժամանակահատվածում ընթանում էին Իսրայելում: Դեպի  Իսրայել պաշտոնական այցով մեկնարկեց ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի՝ մերձավորարևելյան ուղևորությունը: 

Իսրայելական կողմի փոխանցմամբ՝ այցի շրջանակներում կստորագրվի «Երուսաղեմի հռչակագիրը», որը կընդգծի ԱՄՆ-ի հանձնառությունը Իսրայելի անվտանգության ու բարգավաճման ապահովման ուղղությամբ: Հռչակագրում ամրագրվելու է, որ Իսրայելն իրավունք ունի ինքնուրույն պաշտպանել իրեն ցանկացած սպառնալիքից:

Մերձավորարևելյան այցի շրջանակներում Սպիտակ տան ղեկավարը պլանավորում է այցելել նաև Հորդանան գետի արևմտյան ափի վիճելի տարածքներ, որտեղ նախատեսված է հանդիպում Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբբասի հետ։ 

Բայդենը Իսրայելից կուղևորվի Սաուդյան Արաբիա: Սա նախագահի պաշտոնում Բայդենի առաջին մերձավորարևելյան ուղևորությունն է։