Էդուարդ Աղաջանյանը «մեկուսացել է» թիմից, «Արգենտինայի Թրամփն» ու Հայաստանը․ Մամուլը՝ սուրճով

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը «մեկուսացել է» թիմից:
Ինչպես «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրներն են փոխանցում, նա մտերմություն է անում Լենա Նազարյանի ու Մարիա Կարապետյանի հետ:
Թիմի մյուս անդամների հետ միայն «բարեւ, ոնց ես»-ի մակարդակի են շփումները, թեեւ կոնֆլիկտ էլ չունի որեւէ մեկի հետ:
Կուսակցական նիստերին ու քննարկումներին էլ հազվադեպ է մասնակցում, մասնակցելիս էլ շատ պասիվ է:
Թե որն է պատճառը, ՔՊ-ականները չգիտեն, բայց այն բանից հետո, երբ այս տարեսկզբին իր կամքով հրաժարվեց ԱԺ արտաքին հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնից, այլեւս կուսակցական ակտիվություն էլ չի դրսեւորում:
Նկատենք, որ Էդուարդ Աղաջանյանը պասիվ է նաեւ ԱԺ-ում եւ հազվադեպ է ելույթներ ունենում:
«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանին ԱԺ 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովը հրավիրել է՝ առանց հստակեցնելու նրա պաշտոնը։ Ուղարկված «հրավերի» մեջ նշված չի եղել, որ նա զբաղեցրել կամ զբաղեցնում է ԱՀ նախագահի պաշտոնը, ընդամենը գրել են անուն-ազգանունը։ Արցախի նախագահը բոլոր հիմքերն ուներ՝ մերժելու ՔՊ-ականների հրավերը, սակայն տեղեկություններ կան, որ Շահրամանյանն ինքն ասելիք ունի, դրա համար է գնում նոյեմբերի 24-ի նիստին։
Ուշագրավ է, որ Շահրամանյանին հրավիրում են որպես պատերազմին նախորդած շրջանում ԱԱԾ-ն ղեկավարած պաշտոնյայի, ինչի մասին օրերս հստակեցրեց հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, սակայն պատերազմի ժամանակ եւ դրանից հետո ԱՀ գլխավոր դատախազ, ապա պետնախարար աշխատած Գուրգեն Ներսիսյանին չեն հրավիրում, որի ձեռքի տակով են անցել պատերազմի վերաբերյալ բոլոր գործերը։
Ինչ վերաբերում է Ջալալ Հարությունյանին, ապա նրա հարցով էլ հանձնաժողովը դեռ կամուկացի մեջ է։ Չնայած Անդրանիկ Քոչարյանը հաստատել էր, որ Շահրամանյանից հետո հրավիրելու են Ջալալ Հարությունյանին, սակայն խնդիրն այն է, որ Հարությունյանի նկատմամբ 44-օրյա պատերազմի ժամանակ ծառայողական անփութության մեղադրանք կա հարուցված, իսկ հանձնաժողովն ի սկզբանե որոշել էր՝ ովքեր անցնում են քրգործով, նրանց «չհարցաքննել»։ Թե ինչու են մտքափոխվել եւ արդյոք կհրավիրե՞ն Հարությունյանին հանձնաժողով, դեռ վերջնական որոշում չկա։
Հիշեցնենք․ ընդդիմությունը կարծում է, որ այս հանձնաժողովի ժամկետն օգոստոսին լրացել է, եւ դիմել են ԱԺ նախագահին, որ դադարեցնի դրա ապօրինի գործունեությունը։ ԱԺ աշխատակազմից տեղեկացանք, որ ստացել են դիմումը, առաջիկայում կպատասխանեն»:
«Փաստ» օրաթերթը գրում է. Եվ ուրեմն, մի քանի օր առաջ Հայաստանի ոստիկանությունը բերման է ենթարկել Ուելսի ֆուտբոլի հավաքականի 32 երկրպագուի: Ձերբակալության փաստը նաև միջազգային լրատվամիջոցներում էր տեղ գտել, ուելսցիներն էլ դժգոհել էին Հայաստանի ոստիկանությունից: Այն, որ Նիկոլ Փաշինյանի ոստիկանությունը «բեսպրեդելի» ունակ է, նորություն չէ ու չի էլ քննարկվում. դե, եթե ընդդիմադիրների նկատմամբ անհամաչափ ուժ են կիրառում, հետո ոչ միայն անպատիժ մնում, այլև նույնիսկ տուժածին մեղավոր կարգում, պարզ է, որ այդ ամենի թիրախում կարող են հայտնվել բոլորը: Բայց... Ամենազարմանալին մեր հանրության մի զգալի հատվածի սուր արձագանքն էր՝ վա՜յ, ամա՜ն, խայտառակ եղանք աշխարհով մեկ: Չէ, լո՞ւրջ...
Ուրեմն, խայտառակ պարտության տարած, հազարավոր զոհերի պատճառ դարձած, հող հանձնած իշխանությունը 2021 թվականին նորից ընտրվում է, խայտառակ չենք եղել, հիմա խայտառակ եղա՞նք: Ժողովրդավարության հնարավոր ու անհնար բոլոր նորմերը ոտնահարվում են, իրավապահ գործիքակազմը դարձել է քաղաքական պայքարի հիմնական ատրիբուտը, խայտառակ չենք լինում, բայց որ խուլիգանության համար օտարերկրացի երկրպագուներ են բերման ենթարկվել, խայտառակ եղա՞նք: Իսկ որ ուելսցի երկրպագուներն իրենց, մեղմ ասած, շատ վատ են պահել, նրանցից ոմանք էլ հարբած են եղել, ոչ միայն ոստիկանության հաղորդագրությունն է վկայում, այլև շատերն են տեսել:
Ավելին, մեր լրագրողն է ականատես եղել, թե նաև Հայաստան-Ուելս խաղից հետո ինչ խայտառակ պահվածք են դրսևորել, ինչպիսի վիճակում են եղել նրանցից ոմանք: Կրկնում ենք՝ բոլորը չէ, բայց օրինակներն էլ քիչ չեն: Այստեղ ամենացավալին այն է, որ եթե հանկարծ որևէ երկրում մեր երկրպագուներին ձերբակալեին այն պատճառներով, ինչ ուելսցիներին են բերման ենթարկել մեր մոտ, եթե մեր երկրպագուները իրենց համարյա նման կերպ պահեին, մեր հանրության մեջ շատերն էլի ասելու էին՝ վա՜յ, ամա՜ն, աշխարհով մեկ խայտառակ եղանք: Իսկ այդ երկրի բնակիչները հազիվ թե վատ զգային, որ իրենց ոստիկանությունը ձերբակալել է կարգ խախտողներին: Մտքներով անգամ չէր անցնի, որ իրենք աշխարհով մեկ խայտառակ են եղել...
«Հրապարակ» թերթը գրում է. Վերջին օրերին աշխարհի ուշադրությունը սեւեռված էր Արգենտինայի նախագահական ընտրությունների վրա, որտեղ էքսցենտրիկ տնտեսագետ Խավիեր Միլեյն ընտրվեց նախագահ: Նրան շատերն անվանում են «Արգենտինայի Թրամփ» կամ «Արգենտինայի Բորիս Ջոնսոն»: Խավիեր Միլեյը մեզ՝ հայերիս նրանով է հետաքրքիր, որ եղել է արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանի Corproation America կազմակերպության աշխատակից եւ Էռնեկյանի գլխավոր խորհրդականը՝ 2008-2021թթ․։ Հեռացել է կազմակերպությունից՝ նախագահի ընտրություններին մասնակցելու նպատակով:
Ավելին, Միլեյը ոչ մեկ անգամ ուղեկցել է Էռնեկյանին՝ Հայաստան ճամփորդելիս: Իհարկե, Միլեյը հակասական կերպար է, սակայն Էռնեկյանը վստահ է, որ նա լավ նախագահ է լինելու, եւ այդ մասին հրապարակային հայտարարություն է արել: Որոշ համաշխարհային ԶԼՄ-ներ, այդ թվում՝ Financial Times-ը, գրել են, որ Արգենտինայի նորընտիր նախագահի թիկունքին կանգնած է Էդուարդո Էռնեկյանը:
«Իրավունք» թերթը գրում է. «Այսօր տեղի կունենա Երեւանի ավագանու հերթական նիստը, որի գլխավոր ինտրիգը շարունակում է մնալ` արդյոք հնարավոր կլինի քվորում ապահովել, թե` ոչ: Խնդիրն այն է, որ իշխող ՔՊ-ի հետ կոալիցիա կազմած Արամ Զավենիչի «Հանրապետություն» կուսակցությունից զատ, մնացյալ երեք խմբակցությունները` «Հանրային Ձայնը», «Ազգային առաջընթացը» եւ «Մայր Հայաստանը», շարունակում են մնալ անկանխատեսելի:
Դժվար է նախապես ճշտել` ով է բոյկոտելու, ով է քվեորում ապահովելու, ով` ընդհանրապես չի մասնակցելու նիստերին: Ընդ որում` սա այն պարագայում, երբ Երեւանի քաղաքապետ։ Տիգրան Ավինյանը վստահություն չունի անգամ սեփական թիմի ու դաշնակից կուսակցության վրա»:
«Հրապարակ» թերթը գրում է. Եթե գաղտնալսումների մրցույթ կազմակերպվեր աշխարհում, ապա Հայաստանի իշխանությունները հաստատ առաջին տեղը կզբաղեցնեին։ Նրանք շարունակ կատարելագործում են գաղտնալսումների համակարգերը, նոր տեխնիկա են բերում եւ նորանոր կառույցների են գաղտնալսելու հնարավորություն ընձեռում, որ խաչաձեւ ստուգումներով պարզեն, թե գաղտնալսող կառույցները՝ ԱԱԾ-ն, հակահետախուզությունը, հակակոռուպցիոնը եւ այլն, ինչ են խոսում իրենց մասին եւ ինչքանով են ստացված տեղեկատվությունը զեկուցում իրենց։ Այս մասին, իհարկե, ՀՀ բնակչության մեծ մասը գիտի, ուստի կապի պարզ միջոցներից մարդիկ հիմնականում հրաժարվել են եւ հաղորդակցվում են կապի այլընտրանքային միջոցներով, բջջային հավելվածներով․ WhatsApp, Telegram, Viber, Signal, որոնք առավել պաշտպանված են:
Վստահելի աղբյուրից տեղեկացանք, որ վերջերս ՀՀ իշխանությունը ստացել է WhatsApp հաղորդակցության միջոց մուտք գործելու բոլոր հնարավորությունները, եւ այս ցանցում կատարվող բոլոր հեռախոսազրույցներն ու հաղորդագրություններն այլեւս հասանելի են պետական կառույցներին։ Այսինքն, WhatsApp-ն այժմ նույնքան հասանելի է, որքան սովորական բջջային խոսակցություններն ու հաղորդագրությունները։