«Տեսուչ Ղազարյա՞նն էր արժանի, թե՞ «Kinder Surprise» Քյարամյանը, որ սա էլ պաշտոնին արժանի լինի». Համբարձումյան

Ներքին գործերի նախարարի պաշտոնում 30-ամյա Արփինե Սարգսյանի նշանակումը շարունակում է լայն քննարկումների տեղիք տալ։ Թեև վերջին մեկ տարում ՆԳՆ դեմքը հենց ինքն էր՝ «երկաթե կնոջ» կերպարով, անակնկալ չեղավ, որ հենց նա փոխարինեց Վահե Ղազարյանին, այնուամենայնիվ, շատ հարցեր կան՝ կապված այդ պաշտոնին Սարգսյանի համապատասխան լինել-չլինելու հետ։
30-ամյա Սարգսյանը Ներքին գործերի նախարարի պաշտոնում համակարգելու է Ոստիկանության, փրկարար ու միգրացիոն ծառայությունները: Նա վաղ տարիքից է պետական պաշտոններ զբաղեցրել։ 22 տարեկանում՝ Սերժ Սարգսյանի նախագահության տարիներին, Արդարադատության փոխնախարարի օգնականն էր։ 2019-2022-ը տարբեր պաշտոններ է զբաղեցրել Արդարադատության նախարարությունում, համակարգելով հակակոռուպցիոն մարմինները, ղեկավարել Ոստիկանության բարեփոխումների խումբը, մասնակցել Ոստիկանության բարեփոխումների ռազմավարության իրականացմանը, Ներքին գործերի նախարարության ստեղծման աշխատանքներին։ 2022-ի հունվարից Փաշինյանի որոշմամբ նշանակվել է Արդարադատության նախարարի տեղակալ, իսկ արդեն 2023- ին՝ Ներքին գործերի փոխնախարար։
Այս ամենը, սակայն, ըստ ոստիկանական համակարգում ծառայություն անցած փորձառու սպաների, բավարար պայման չէ ՆԳ նախարարությունը ղեկավարելու համար։
ՀՀ նախկին ոստիկանապետ Գագիկ Համբարձումյանն, օրինակ, MediaHub-ի հետ զրույցում նկատեց՝ այս համակարգը ղեկավարելու համար պետք է այնտեղ թրծված մարդ լինես, համակարգը ներսից ճանաչես։
«Բայց դե էս իշխանության քայլերից չեմ զարմանում։ Էդ մնացածը, որ հանվեցին, ռադ արվեցին էդ սրիկայի կողմից, որքանո՞վ էին արժանի իրենց պաշտոններին։ Էդ նույն Վահե Ղազարյանը գյուղական տեղամասային տեսուչի իր մակարդակով, Քննչականի «քինդեր սյուրպրիզն»՝ իր մակարդակով, ո՞րն ասեմ։ Հետո եթե արտաքին հեռախուզության պետի պաշտոնում կնշանակվի մի դեգեներատ, ինչո՞ւ Արփինե Սարգսյանը ՆԳ նախարար չի լինի որ։ Տրամաբանությունը նույնն է․ ի՞նչ կապ ունի համակարգից հասկանում է, թե չէ։ Որքան մտերիմ են ճիվաղին ու իր կնոջը, այդքան էլ պաշտոնի արժանի է»,- նկատեց Համբարձումյանը։
Ոստիկանության նախկին պաշտոնյան Արփինե Սարգսյանի գործունեությանը ծանոթ չէ, ու չգիտի՝ «ինչ ֆրուկտ» է նորանշանակ նախարարը։
«Համակարգում աճած չլինելով՝ մարդը չի կարող այդ համակարգը լավ ղեկավարել։ Բայց դուք մտածում եք՝ Փաշինյանին պե՞տք են լավ նախարարներ։ Էս ճիվաղներին գործից հասկացող մարդիկ պետք չեն։ Մյուս նախարարությունները վերցրեք․ իրենցից բա՞ն են ներկայացնում նախարարները․ Գևոր Պապոյան ա, ՊՆ Սուրեն Պապիկյան ա, իրենք ի՞նչ կապ ունեն իրենց ղեկավարած ոլորտների հետ։ Նպատակ ունեն ամեն ինչ դեգրադացնելու, ոչնչացնելու»,- ամփոփեց խոսքը Գագիկ Համբարձումյանը։