Սյունիքը կենսական նշանակություն ունի մեր երկրի համար. Մհեր Գրիգորյան

Սյունիքը կենսական նշանակություն ունի մեր երկրի համար. Մհեր Գրիգորյան

Սյունիքն իրապես կենսական նշանակություն ունի Հայաստանի համար, ուստի մարզի կայուն զարգացմանը միտված ցանկացած ծրագիր գտնվում է Կառավարության հատուկ ուշադրության կենտրոնում: Ավելին, ընթացիկ աշխարհաքաղաքական զարգացումներն էլ ավելի են ընդգծում Սյունիքի ռազմավարական դերը, այդ թվում՝ տարածաշրջանում կայուն խաղաղության կերտման ճանապարհին: Այս մասին հայտարարել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ հունվարի 18-ին մասնակցելով է «Դիմակայուն Սյունիք Թիմ Եվրոպա նախաձեռնության» պաշտոնական մեկնարկին նվիրված միջոցառմանը:

Միջոցառմանը մասնակցել են նաև Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը, Եվրոպական հանձնաժողովի Հարևանության և ընդլայնման հարցերով գլխավոր տնօրինության Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի և Արևելյան գործընկերության բաժնի ղեկավար Դեյվիդ Քալընի ղեկավարած պատվիրակությունը, ԵՄ անդամ պետությունների դեսպաններ և եվրոպական ֆինանսական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից, «Դիմակայուն Սյունիք Թիմ Եվրոպա նախաձեռնության» պաշտոնական մեկնարկին նվիրված միջոցառմանը փոխվարչապետը հանդես է եկել ելույթով, որում, մասնավորապես, ասել է.

«Ձերդ Գերազանցություններ, հարգարժան դեսպաններ,
Մեծարգո տիկին Վիկտորին,
Հարգելի գործընկերներ,

Առաջին հերթին ցանկանում եմ շնորհավորել բոլորիս այս կարևոր նախաձեռնության մեկնարկի կապակցությամբ և շնորհակալություն հայտնել Եվրոպական միությանն ու ԵՄ անդամ պետություններին Հայաստանի համար մարտահրավերներով լի այս բարդ շրջանում հատկապես Սյունիքում իրականացվող բոլոր ծրագրերի և ներդրված ջանքերի համար:

Սյունիքն իրապես կենսական նշանակություն ունի մեր երկրի համար, ուստի մարզի կայուն զարգացմանը միտված ցանկացած ծրագիր գտնվում է Կառավարության հատուկ ուշադրության կենտրոնում: Ավելին, ընթացիկ աշխարհաքաղաքական զարգացումներն էլ ավելի են ընդգծում Սյունիքի ռազմավարական դերը, այդ թվում՝ տարածաշրջանում կայուն խաղաղության կերտման ճանապարհին:

Այս համատեքստում, անհրաժեշտ եմ համարում շեշտել, որ մարզում կյանքի որակի բարձրացմանն ուղղված մեր համատեղ ջանքերը, բացի տեղային կարևոր սոցիալ-տնտեսական ազդեցությունից, հիմնարար նշանակություն ունեն նաև մեր երկրի կայուն զարգացման համար:

Ուրախ եմ, որ մարզի բնականոն զարգացման կարևորությունն արձանագրվել է նաև Եվրոպական միության և ԵՄ անդամ պետությունների հետ մեր համագործակցության շրջանակներում:

Սրա մասին է վկայում ոչ միայն այսօր մեկնարկող նախաձեռնությունը, այլ նաև այն, որ Եվրոպական միության Տնտեսական և ներդրումային պլանի ներքո մեր հինգ հիմնական ուղենիշներում որպես ինքնուրույն ուղղություններից մեկը հատուկ առանձնացված է Սյունիքի դիմակայունության բարձրացումն ու մարզի կայուն զարգացումը:

Կառավարությունը նաև շարունակում է ինտենսիվ աշխատել գործընկերների հետ Հյուսիս-հարավ մայրուղու հարավային հատվածի կառուցման ուղղությամբ, ինչը կնպաստի մեր ջանքերին՝ դիրքավորելու Հայաստանը որպես տարածաշրջանային առևտրատնտեսական հանգույց:

Գոհունակությամբ պետք է նշեմ նաև Սյունիքի մարզում 2 ՔՈԱՖ կենտրոնների հիմնման ծրագիրը, որով նորարար կրթությունը հասանելի կդառնա մարզի բնակիչների համար:

Ամփոփելով ցանկանում եմ ևս մեկ անգամ Կառավարության և անձամբ իմ անունից շնորհակալություն հայտնել բոլոր ներգրավված գործընկերներին կատարված և պլանավորված մեծ և կարևոր աշխատանքի համար:

Ես և մեր թիմը շարունակում ենք ձեր կողքին լինել ցանկացած հարցով:

Շնորհակալություն»: