Ռուբեն Վարդանյանը ներկայացրեց, թե Փաշինյանն ինչով չի գոհացնում իրենց

Մենք ունենք լուրջ խնդիր․ Հայաստանում ապրողները չեն հասկանում՝ ինչ է նշանակում բլոկադա, և դրա բերած դժվարությունները հանրությանը ճիշտ ներկայացնելը շատ կարևոր է: Այդ մասին այսօր «Մեկ ամիս շրջափակման մեջ. հումանիտար ճգնաժամ» տեսակամուրջի ընթացքում ասաց Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը՝ անդրադառնալով իր երեկվա հայտարարությանը, թե Հայաստանն Արցախում տեղի ունեցողին չի արձագանքում սպասվածին համարժեք։

Նրա խոսքով՝ Հայաստանում մոտավորապես 400 հազար հոգի կա, որ Արցախի արմատներ ունի, և հույս կար, որ այդ մարդիկ անհանգիստ են ստեղծված վիճակով։

«Սակայն, Երևանում տեղակայված դեսպանատների մոտ ակցիաները ցույց տվեցին, որ քիչ հետաքրքրություն կա։ Այժմ, երբ 120 հազար մարդ այս վիճակում է, պետական մարմինների արձագանքն ավելի մեծ պիտի լիներ․ արցախցու ձայնը լսելի դարձնելու համար լուրջ քայլեր են պետք»,- նշեց նա։

Թե ինչ է սպասում ՀՀ իշխանությունից, Վարդանյանը հստակ չներկայացրեց, սակայն տեղեկացրեց, որ Հայաստանի իշխանությունը ֆինանսական ու իրավական աջակցություն ցուցաբերում է, և ասել է, որ միայն դա կարող է անել, ինչի համար իրենք շնորհակալ են։

«Այս վիճակում մենք ավելի շատ ուղղություններով օգնության կարիք ունենք, բայց Հայաստանն ասաց, որ այդքանը կարող է անել»,- նշեց նա։ Մանրամասները՝ տեսանյութում։