ՔՊ-ին ընտրած ձկնաբույծների կողքին այսօր ընդդիմադիր պատգամավոր էր կանգնած 

ՔՊ-ին ընտրած ձկնաբույծների կողքին այսօր ընդդիմադիր պատգամավոր էր կանգնած 

Ձկնաբույծներն այսօր նորից հավաքվել էին կառավարության դիմաց՝ պահանջելով Նիկոլ Փաշինյանի կամ գոնե փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի հետ հանդիպում։ Ասում էին՝ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանն ընդունել է իրենց, բայց չի բավարարել իրենց պահանջները, որովհետև «Սիմիդյանը չի տիրապետում ոլորտին»։

Նրանք չեն կարողացել Սիմիդյանին հասկացնել, որ եթե ուզում են ջրային ռեսուրսները ճիշտ կառավարեն ու խնայեն, ապա պետք է նախևառաջ ապօրինի հորերը փակեն, որ հազարավոր խորանարդ մետրերով ջուր չհոսի «բարեկամ» Թուրքիա։ Ու հույս ունեն, որ եթե Նիկոլ Փաշինյանի նշանակած, բայց ոլորտից անտեղյակ նախարարը չի տիրապետում ոլորտին, ապա նախկինում լրագրող աշխատած Փաշինյանը հաստատ կոմպետենտ է ու լավ տիրապետում է ոլորտին։ Ու ոչինչ, որ հենց Փաշինյանն էր հայտարարում, որ «մեզ ձուկ պետք չի, մեզ ջուր է պետք»։ 

Ակցիայի ժամանակ հիմնական դերակատարները սկզբից բավականին «ընդդիմադիր» մտքեր էին հայտնում՝ դժգոhելով այս կառավարությունից, այս իշխանություններից, որ նրանք ոլորտին չեն տիրապետում, և միտումնավոր են անում, որ իրենց բիզնեսը փակվի, հազարավոր մարդիկ էլ առանց աշխատանքի մնան։ Մի պահ որոշներն այնքան տաքացան, որ քիչ էր մնում՝ Նիկոլ Փաշինյանին էլ մի երկու թթու խոսք ասեին, բայց կեսից հիշեցին, որ իրենք քաղաքականությամբ չեն զբաղվում։ Դժգոհում էին, հոգու խորքրում երևի ճոխ-ճոխ մտքեր էին սավառնում Փաշինյանի հասցեին, բայց տեսախցիկների առջև չէին կարողանում անկաշկանդ արտահայտել իրենց ներսի եղածը։ Մի ձկնաբույծ նույնիսկ այնքան հեռուն գնաց, որ հանգդնեց այսպես արտահայտվել դիմացի շենքում նստող ինչ-որ մեկի հասցեին․ «Չես կարում կառավարես, մի կառավարի»։ 

Բայց չասաց՝ ում նկատի ունի։ Ենթադրեցինք, որ խոսքը Նիկոլ Փաշինյանի մասին է, ուստի նրան հուշեցինք, որ եթե չէին ուզում, որ հենց նա կառավարեր, չպիտի ընտրեին։ Հիմա ընտրել են, թող թողնեն՝ մարդը աշխատի։ Բայց կրկին լսեցինք նույնը՝ «մի քաղաքականացրեք, մենք քաղաքականությամբ չենք զբաղվում»։ 

Մեկ այլ ձկնաբույծ էլ եկավ, որոշեց «դուխով» խոսել, հենց սկսեցինք հարց տալ, նորից հիշեցին, որ իրենք քաղաքականության հետ կապ չունեն, և իրենց ակցիան «քաղաքական ոչ մի բան չի պարունակում»։ Բացատրեցինք, որ իրենք հիմա գտնվում են քաղաքական մարմնի դիմաց և հանդիպում պահանջում են քաղաքական անձանցից, ուստի ուզեն, թե չուզեն, այս իրենց խնդիրը քաղաքական է, որովհետև քաղաքական ուժն է որոշել իրենց ջուրը կտրել, իրենց բիզնեսը տանել փակման։ Բայց՝ չէ, ակնհայտ Նիկոլ Փաշինյանին ձայն տված ձկնաբույծները, չհերքելով հանդերձ, որ իրենք ձայն են տվել ժամանակին Նիկոլին ու ՔՊ-ին, ոչ միայն չէին ուզում քաղաքական գնահատական հնչեցնել այս իշխանությունների, կառավարության հասցեին, անգամ որոշները սկսեցին գովել, թե՝ «մեր կառավարությունն է, ոչ մի բանից էլ չենք դժգոհում, իրենք եկել են, որ ընդամենը լսեն իրենց խնդիրը, ոչ մի քաղաքական հարց չկա»։ 

Այդ ամբողջ ընթացքում նրանց կողքին էր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը, որին, վստահաբար, այդ ձկնաբույծները չէին ընտրել։ Բայց այսօր ու նախորդ օրերին էլ նա էր Փաշինյանի կառավարության գործունեությունից տուժած քաղաքացիների կողքին, ոչ թե որևէ ՔՊ-ական, որին իրենք ժամանակին ընտրել էին, որ լավ լիներ։

Վահե Մակարյան