«Ով սիրում է իր հայրենիքը, նա պետք է միանա շարժմանը»․ հարցում

Մայիսի 9-ին Երևանում պլանավորված է համաժողովրդական մեծ հանրահավաք. վաղը Երևան է հասնելու Բագրատ Սրբազանի առաջնորդած երթը, որին միանալու է նաև Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի երթը Գյումրիից։
Հաշվի առնելով արձագանքը՝ դա լինելու է սպասված ու բազմամարդ համաժողով-հանրահավաք:
Ակնհայտ է, որ իշխանություններին անհանգստացնում է օր-օրի թափ հավաքող քայլերթը, ինչի վկայությունն են ՔՊ-ականների ու նրանց աջակցող անհատների, պաշտոնյաների գրառումները:
Նաև սպառնալիքները, որ համաժողովրդական շարժմանը միանալն անհետևանք չի մնա:
Ի դեպ, Նիկոլ Փաշինյանի երեկվա չորս ժամից ավելի տևած ասուլիսն էլ վկայում է այն մասին, որ իշխանություններն իսկապես անհանգստացած են. շուրջ հինգ ժամ խոսել ու չասել ոչինչ, հոխորտալ Եկեղեցու ու նախկինների հասցեին, նույնիսկ ծիծաղելի է:
MediaHub-ը շարունակում է հարցումների միջոցով շոշափել հանրության տրամադրությունները: Այս անգամ հարցրել էինք՝ արդյո՞ք հասարակությունը դուրս կգա և կմիանա Բագրատ Սրբազանի գլխավորած շարժմանը վաղը Հանրապետության Հրապարակում:
Նշենք, որ նյութը պատրաստելու պահին հարցմանը մասնակցել են 11․000 հոգի, և հետաքրքիր պատկեր ունենք. շարժմանը միացողների թիվը գրեթե նույնն է, ինչ չմիացողների:
Այսպիսով, «Այո» տարբերակն ընտրել է հարցվածների 47%-ը, «Ոչ» պատասխանը՝ 46%-ը։ «Իմաստ չեմ տեսնում, ոչինչ չի փոխվի, հաջողության չեն հասնի» ընտրել են հարցվածների 3%-ը, «Իհարկե՛, ՀՀ-ն կանգնած է պետականության կործանման շեմին» պատասխանն ընտրել է 3%-ը, «Չեմ որոշել դեռ» պատասխանը՝ 2%-ը։
Ընթերցողները թողել են նաև իրենց մեկնաբանությունները՝
«Ով Սրբազանին անհիմն չարախոսի, թող հիշի Աստծո դատաստանի ու նզովքի մասին, որ պահված է իր համար»։
«Շատ լավ է, 5000 մարդ կա այս հարցումով»։
«Միանշանակ չեմ միանալու, խեղկատակություն է լրիվ»։
«Հասնելը կհասնի, բայց... հուսամ ժողովրդի մեծամասնությունը ադեկվատ կգտնվի ու այլևս թույլ չի տա իրեն օգռագործեն։ Եկեղեցու տեղը քաղաքականությունը չէ»։
«Աստված սեր է և խաղաղություն, նրան մի խառնեք քաղաքականության մեջ, Աստված մեզ պահապան»։
«Ով սիրում է իր հայրենիքը, նա պետք է միանա Բագրատ Սրբազանին»:
«Ինչքան թալանչի ու ժողովուրդին ատելի դեմքեր տեսա Բագրատի շուրջը, ու այդպիսինների հետ մի շարքում լինելը անբարոյականություն է»։
Հիշեցնենք, վաղը Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժման հանրահավաքը Հանրապետության հրապարակում կմեկնարկի ժամը 16.00-ից:
Մարիաննա Արամյան