Ո՞վ կպնդի հակառակը, թե Նիկոլ Փաշինյանը չի հանձնել Արցախը

Ո՞վ կպնդի հակառակը, թե Նիկոլ Փաշինյանը չի հանձնել Արցախը

Որեւէ մեկը կարո՞ղ է պնդել հակառակն առ այն, որ Նիկոլ Փաշինյանը Արցախը չի հանձնել Ադրբեջանին։

12 օր է, ինչ Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը փակ է, հայկական երկու հանրապետությունները փաստացի կտրված են իրարից, իսկ Նիկոլ Փաշինյանն ու Արայիկ Հարությունյանը զբաղված են հասարակության աչքերին թոզ փչելով ու ականջներին լապշա կախելով՝ մե՛կ մեղադրում են ռուս խաղաղապահներին, մե՛կ պահանջներ են ներկայացնում միջազգային հանրությանը։ 

Այսօր ավելի քան պարզ է, որ Հայաստանը Արցախին կապող միակ ճանապարհը որքան փակ մնա, այդքան եւ՛ Հայաստանի, եւ՛ Արցախի ժողովուրդը կհարմարվի Ալիեւի երազած իրականությանը։ Օգոստոսի կեսերին էր Ալիեւը հայտարարել, որ Ղարաբաղում ապրող հայերը պետք է հասկանան` իրենց ապագան անցնում է ադրբեջանական հանրության մեջ ինտեգրվելու միջով։ 

«Ղարաբաղում ապրող հայերը չեն ունենա ո՛չ կարգավիճակ, ո՛չ անկախություն, ո՛չ որեւէ հատուկ արտոնություններ», «Ինչպես Ադրբեջանի քաղաքացիները, այնպես էլ նրանք։ Ինչպես պաշտպանվում են Ադրբեջանի քաղաքացիների իրավունքները, այնպես էլ նրանցը։ Ինչպես պաշտպանվում են Ադրբեջանում ապրող ժողովուրդների իրավունքները, այնպես էլ նրանցը։ Սա է միակ ճանապարհը», - շեշտել էր Ալիևը։

Երբ Հայաստանի եւ Արցախի իշխանությունները դիմում են միջազգային հանրությանը, մատնանշելով Ադրբեջանի կողմից արցախահայության հնարավոր ցեղասպանության մասին ու միտումնավոր շրջանցում են Արցախի ինքնորոշման հարցը, փաստացի ոչ միայն թելում են Ալիեւի թելը, այլեւ խոնարհաբար ենթարկվում նրան։

Գնալով ավելի ենք համոզվում, որ վերելակային դիվանագիտության վարպետ Փաշինյանն այս հարցում Ալիեւի հետ կոնսենսուսի է եկել ու պատմության աղբամանը նետել Արցախի ինքնորոշման հարցը։

Եթե որեւէ մեկը անկղծորեն հավատում է, որ, այսպես կոչված,  խաղաղության պայմանագրի ստորագրումը արցախահայությանը կտա անվտանգության որոշակի երաշխիքներ, ապա նա առնվազն հիմար է ։ 

Խոսելով խաղաղության պայմանագրից Փաշինյանն անձամբ հայտարարեց՝ «խաղաղության պայմանագիրը պետք է առանձնացնել Ղարաբաղի հարցից».

«Մենք կարծում ենք, որ Հայաստանը եւ Ադրբեջանը կարող են փոխադարձաբար ճանաչել միմյանց տարածքային ամբողջականությունը, իսկ Ղարաբաղի քննարկման հիմնական շահառուն պետք է լինի Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը՝ իր ընտրված ներկայացուցիչների միջոցով»,-Հ1-ի եթերում ասել էր Փաշինյանը։

Նա նաև ընգծել էր, որ Արցախի նախագահն ամբողջությամբ տեղյակ է Ադրբեջանի հետ ընթացող բանակցություններից։ 

«Լեռնային Ղարաբաղի նախագահը որեւէ բանակցությունում իմ արտասանած եւ լսած որեւէ նախադասությունից անտեղյակ չի, ինքը տեղյակ է»։ 

Մեզ մնում է ենթադրել, որ եւ՛ Փաշինյանը, եւ՛ Արայիկ Հարությունյանը ընդունել են Ալիեւի՝ «Ղարաբաղի հայերի իրավունքների պաշտպանության» մասին մեսիջներն ու Լաչինի փակված ճանապարհն ընդամենը Ադրբեջանին հանձնվող Արցախի սցենարի կյանքի կոչման նախերգանքն է։ 

Լիա Սարգսյան