Անի Խաչատրյանը չի հարցաքննվել, բայց ՔԿ-ն ինտենսիվ աշխատում է․ ի՞նչ նորություն կա քաղաքապետարանի միջադեպի գործով

Նախորդ ամիս Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպից շաբաթներ անց «Հանրապետություն» խմբակցության ավագանու անդամ Անի Խաչատրյանը չի հարցաքննվել, չնայած այն հանգամանքին, որ վիճաբանության մի կողմում հենց ինքն էր։
«Չհարցաքննվելու հարցն իմ տիրույթում չէ, գործով էլ հետաքրքրված չեմ։ Եթե կանչեն հարցաքննության, կներկայանամ, բայց ինձ չեն կանչել»,- MediaHub-ի հետ զրույցում ասաց Խաչատրյանը։
MediaHub-ը ՀՀ Քննչական կոմիտեից հետաքրքրվեց, թե ի՞նչ փուլում է գործի քննությունը, գերատեսչության նախագահի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը պատասխանեց, որ քննչական գործողությունները պատշաճ իրականացվում են։
«Որևէ խնդիր չունենք, գործն իր տեղում կանգնած չէ, ինտենսիվ քննություն է իրականացվում»,- ասաց նա։
Դիտարկմանը, որ այս ընթացքում հարցաքննվել է «Մայր Հայաստան» խմբակցության ավագանու անդամ Սոնա Աղեկյանը, բայց Անի Խաչատրյանը չի հարցաքննվել, վերջինս պատասխանեց, որ եթե մեկ անձ դեռ չի հարցաքննվել, սա չի նշանակում, որ հարցաքննություններ տեղ չեն ունենում։ «Տվյալներ փոխանցել չենք կարող։ Եթե միջադեպի մնացած մասնակիցները մինչև հիմա չեն հարցաքննվել, չի նշանակում, որ չեն էլ հարցաքննվելու»։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 21-ին Երևանի ավագանու նիստի ընթացքում վիճաբանություն ու քաշքշուկ էր սկսվել «Հանրապետություն» խմբակցության քարտուղար Անի Խաչատրյանի և «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սոնա Աղեկյանի միջև։
Նիստերի դահլիճում միմյանց վրա ջուր շփելուց, մազեր քաշելուց հետո Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ուղիղ հեռարձակումն անջատել տվեց, որից հետո վեճը և ծեծկռտուքը շարունակվեց՝ հասնելով միջանցք, հետո այլ հարկեր։ Հնչել են փոխադարձ վիրավորանքներ, հայհոյանքներ։
Լիաննա Թորոսյան