Ես կարող եմ երաշխավորել, որ Հայաստանը Ադրբեջանի վրա չի հարձակվելու․ Փաշինյան

Ես կարող եմ երաշխավորել, որ Հայաստանը Ադրբեջանի վրա չի հարձակվելու․ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանն այսօր հարցազրույց է տվել «Արմենպրես»-ին։ MediaHub-ը ներկայացնում է հարցազրույցից որոշ հատվածներ։

-Որքանո՞վ եք բարձր գնահատում նոր էսկալացիայի ռիսկը տարածաշրջանում:

-Ես կարող եմ երաշխավորել, որ Հայաստանը Ադրբեջանի վրա հարձակվելու, սադրիչ գործողություններ ծավալելու ոչ մի մտադրություն, նպատակ կամ ծրագիր չունի ու չի գնալու այդ ճանապարհով: Եթե Ադրբեջանն էլ Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, ուրեմն տարածաշրջանում էսկալացիայի հավանականությունը զրո է:

-Պարոն վարչապետ, իսկ սահմանազատման գործընթացը կշարունակվի՞, եթե այո՝ ո՞ր տեղամասում:

-Թե՛ Հայաստանում, թե՛ Ադրբեջանում սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգերը վավերացված են, ինչը նշանակում է, որ սահմանազատման գործընթացը պետք է շարունակվի: Կարծում եմ առաջիկայում սահմանազատման հանձնաժողովները կհանդիպեն՝ քննարկելու, թե ո՞ր հատվածում շարունակեն սահմանազատումը: Մենք այստեղ էլ տրամադրված ենք կոնկրետ, կառուցողական աշխատանքի:

-Իսկ տարածաշրջանային կոմունիկացիաների՞ հարցը. Ադրբեջանը շարունակում է զարգացնել իր հեղինակած միջանցքային տրամաբանությունը:
-Մեր գնահատմամբ՝ մենք գտել ենք լուծում, թե ինչպես վերաբացել երկաթուղային հաղորդակցությունը, որ լիարժեք ընդունելի լինի թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի համար: Եվ այդ լուծման առաջարկը գրավոր ձեւով փոխանցել ենք Ադրբեջանին ու սպասում ենք նրանց դրական արձագանքին: Երբ այդ արձագանքը լինի, անհրաժեշտ կլինի արագ պայմանագիր ստորագրել եւ անցնել երկաթուղու կառուցմանը: