Խաղաղության օրակարգը մեր տարածաշրջանում այլընտրանք չունի, Արշակյանը՝ Միլոշ Վիստրչիլին

Խաղաղության օրակարգը մեր տարածաշրջանում այլընտրանք չունի, Արշակյանը՝ Միլոշ Վիստրչիլին

Չեխիայի Հանրապետության Սենատի առաջին փոխնախագահ Յիրժի Դրահոշի հրավերով ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 8-10-ն աշխատանքային այցով գտնվում է Պրահայում: Այս մասին տեղեկանում ենք Ազգային ժողովից։

Հոկտեմբերի 9-ին Հակոբ Արշակյանի գլխավորած պատվիրակությանն ընդունել է Չեխիայի Հանրապետության խորհրդարանի Սենատի նախագահ Միլոշ Վիստրչիլը:

ՀՀ ԱԺ փոխնախագահը ներկայացրել է սեպտեմբերի 19-ին Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի կողմից ռազմական հարձակման հետեւանքով ստեղծված իրավիճակը, որը հանգեցրել է ԼՂ հայ բնակչության էթնիկ զտման:

Անդրադարձ է կատարվել Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ տարվող ագրեսիվ քաղաքականությանը, որի հետեւանքով օկուպացվել է Հայաստանի շուրջ 150 քառակուսի կմ տարածք: «Խաղաղության օրակարգը մեր տարածաշրջանում այլընտրանք չունի. մենք որդեգրել ենք խաղաղության եւ ժողովրդավարության ուղին, հաստատակամ ենք մեր ընտրության մեջ եւ ակնկալում ենք միջազգային գործընկերների աջակցությունը»,- նշել է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալը:

Անդրադարձ է եղել նաեւ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին պատշաճ աջակցության ցուցաբերման եւ այդ ուղղությամբ միջազգային գործընկերների հետ աշխատանքներին: Հակոբ Արշակյանը շնորհակալություն է հայտնել Չեխիայի կառավարությանը՝ ցուցաբերած հումանիտար օգնության համար:

Չեխիայի Հանրապետության Սենատի նախագահ Միլոշ Վիստրչիլը ողջունել է օրերս Եվրախորհրդարանի կողմից ընդունված բանաձեւը, որը դատապարտում է Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի զինված ուժերի գործողությունները: Սենատի նախագահն աջակցություն է հայտնել Հայաստանի տարածքային ամբողջականությանը, ինքնիշխանությանը եւ ժողովրդավարությանը:

Պատվիրակության կազմում ընդգրկված են ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը եւ ՀՀ ԱԺ Հայաստան-Չեխիա բարեկամական խմբի անդամ Հասմիկ Հակոբյանը: