Մեր առաջին թշնամին մենք ենք, ոչ թե դրսի թշնամին․ Ռուբեն Վարդանյան
Արցախյան շարժման 35-ամյակը համընկել է շատ լուրջ ժամանակի հետ, երբ պետք է ուժ ու ոգի գտնենք։ Այսօր «Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման հրամայականը» խորագրով համաժողովի ընթացքում ասաց Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը։
Նա վստահություն հայտնեց, որ Արցախի անկախությունը գալիս է ոչ թե միջազգային հանրության կողմից դա ընունելուց, այլ դրա համար դրսևորվող արցախցու կամքից։ Նշեց՝ Արցախը կանգնած է շատ լուրջ փոփոխությունների առջեւ, և այս իրավիճակում առաջին քայլը, որ պետք է արվի, դա Արցախի անկախությունը եւ ինքնորոշման ճանապարհը վերջացնելն է:
«Վստահեցնում եմ՝ արցախցիներն իրենց ոչ մի ուրիշ տարբերակում չեն տեսնում, բացի անկախ լինելուց։ Բայց դրա հետ մեկտեղ, մարդիկ կորցրել են հավատն իրենց, ղեկավարության, ապագայի ու արդարության նկատմամբ։ Եթե դու չունես այդ չորս հավատը, ապա քեզ համար դժվար է պայքարել»,- նշեց Վարդանյանը։
Նա հիշեցրեց՝ 1988-ի շարժման ժամանակ քննարկվում էր հարցը՝ ով ենք մենք, ուր ենք գնում, ինչ արժեքներ ունենք, ու հիմա էլ այդ հարցերն արդիական են։
«Վստահ եմ՝ կարող ենք հաղթահարել դժվարությունները, եթե ամենօրյա պայքար մղենք, ամեն օր վերը նշված հարցերին անդրադառնանք»,- ասաց Վարդանյանը։
Նա վստահեցրեց՝ ունեն խորքային հիմքեր ասելու, որ Արցախը մնալու է անկախ, Արցախը չի հանձնվելու։
«Բայց էլի եմ ասում՝ մենք խնդիրներ ունենք մեր մեջ։ Մեր առաջին թշնամին մենք ենք, ոչ թե դրսի թշնամին։ Մենք չենք հասկանում՝ ամենօրյա կյանքով ապրելով չենք կարողանալու հասնել արդյունքի։ Եթե մեր մեջ չգտնենք ուժ, անկեղծություն, համախմվելու կամք, ոչ ոք մեզ չի օգնելու»,- նշեց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։