ՔՊ-ում մտավախություն կա` Թորոսյանը կարող է կոմպրոմատների գրոհ սկսել. քննարկվում է խմբակցության նիստ հրավիրելու հարցը

«Փաստինֆո»-ի տեղեկություններով` իշխող «ՔՊ» խմբակցությունում քննարկվում է «Քովիդի»-ի սկանդալային գործի շուրջ նիստ հրավիրելու եւ Արսեն Թորոսյանի, գործող նախարար Անահիտ Ավանեսյանի հետագա ճակատագիրը որոշելու համար: Գերիշխող է այն տեսակետը, որ քննարկումը չպետք է հետաձգել ու խմբակցության նիստը պետք է հրավիրել հնարավորինս շուտ: Բացառված չէ, որ այն տեղի ունենա հաջորդ շաբաթվա հենց առաջին օրերին:
ՔՊ-ի համար առանձնապես խնդիր չէ Ավանեսյանին զոհաբերելը, իսկ որ նրա պաշտոնավարման հարցը խնդրահարույց է, թերեւս, անվիճարկելի է, քանի որ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող վարույթի շրջանակներում առանցքային մեղադրյալներից է Լուսինե Եղիազարյանը, որը, ինչպես արդեն հայտնել ենք, Ավանեսյանի մտերիմ ընկերուհին է: Սակայն բոլորովին այլ իրավիճակ է Արսեն Թորոսյանի դեպքում: Վերջինիս այսօրվա ջղաձիգ հայտարարությունը, որով բացահայտ անվստահություն էր հայտնել Նիկոլ Փաշինյանի քաղաքական իշխանության հենասյուններից մեկին` հակակոռուպցիոն կոմիտեին, ինչպես նաեւ Հաշվեքննիչ պալատին` կասկածի տակ դնելով նրանց պրոֆեսիոնալիզմը, ՔՊ-ին մտորելու տեղիք է տվել: Իշխող ուժի մի շարք պատգամավորներ մտահոգություն ունեն, որ Արսեն Թորոսյանը չի համաձայնի դառնալ քավության նոխազ ու իր հերթին կհանրայնացնի իրեն հայտնի կոմպրոմատները, որպիսի ակնարկ Թորոսյանն արդեն արել է մասնավոր զրույցներում ու հիմա ՔՊ-ի համար կարեւորագույն խնդիր է դարձել իրավիճակը վերահսկողության տակ վերցնելը:
Մանավանդ, որ գործը առնչվում է նաեւ ՔՊ-ի քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանին, քանի որ հենց նա է եղել կորոնավիրուսի դեմ պայքարի համակարգողն ու պատասխանատուն, պարետը: Ակնհայտ է, որ Արսեն Թորոսյանին հանձնելու դեպքում վերջինս իր հետ կարող է տանել շատերին, այդ թվում` նաեւ Ավինյանին ու ՔՊ-ն հիմա մտածում է իրավիճակից դուրս գալու ելքեր որոնելու մասին: Ճիշտ է` ցանկությունը մեծ է արդեն օգտագործված գործիքները հանձնելու միջոցով հանրության ուշադրությունը շեղել երկրի առջեւ ծառացած անվտանգային կարեւոր խնդիրներից, ինչպես նաեւ ներկուսակցական վերադասավորումների համար մեծացնել Ավինյանի վրա հսկողության մեխանիզմները, բայց արդեն մտավախություն ունեն, որ Արսեն Թորոսյանը կարող է դառնալ անվերահսկելի ու խառնել բոլոր խաղաքարտերը: