ՔՊ-ի «ջահել» պատգամավորները չգիտեն ընդդիմության լիդերների հերոսական կենսագրությունը

«Լավ է ուշ, քան երբեք։ «Փրկիչները» վերջապես հասկացան, որ այլևս սպառված է իրենց ասելիքն ու անելիքը։ Մոտ 50 օր տևած փողոցային պայքարը, ոչինչ չտվեց ընդդիմադիրներին, բացի նրանից, որ վերջնականապես իրենք իրենց մաշեցրին՝ հայտնի քոքի նման։ Այդ մասին հայտարարել է ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էմմա Պալյանը:
Ողջ գիտակից կյանքում լրագրող աշխատած գյումրեցի Էմմա Պալյանը, ցիտելով իրենց թիմի «քաղաքական հայր» Նիկոլ Փաշինյանին, հիշել է ընդդիմության «քոքի» մասին:
Ընդդիմության համազգային ակցիաներն ուղղված են այն բանին, որպեսզի Պալյանի հայրենի Գյումրիում չհնչի թուրքական մուղամն ու Երևանում ադրբեջանական մզկիթներ չկառուցվեն: ՔՊ-ն քննադատում է ազգային, պետականամետ գաղափարներ, ծրագրեր ունեցող ընդդիմությանը՝ Արցախի ճակատագրով մտահոգված հազարավոր քաղաքացիներին պիտակավորելով և ծաղրելով: Դա դեպի փակուղի տանող ճանապարհ է՝ ներքաղաքական առկա ճգնաժամը կարող է հանգուցալուծվել մեկ տարբերակով՝ Շուշին հանձնած ՔՊ-ական թիմը պետք է իր մեջ քաջություն գտնի և հեռանա: ՔՊ-ի օրոք Հայաստանն ու Արցախը կրում են մարդկային, տնտեսական, հողային կորուստներ:
Պետական կառավարման զրո փորձով ՔՊ-ական երիտասարդ պատգամավորներն ավելի լավ է ուսումնասիրեն արցախյան պատերազմի պատմությունը՝ տեսնեն, թե ովքեր են այսօր գլխավորում ընդդիմությունը: Էմմա Պալյանը դեռ չէր ծնվել, իսկ այսօրվա ընդդիմության բազմաթիվ լիդերներ կազմակերպում էին Արցախի և Հայաստանի սահմանների պաշտպանությունը: Դրա մասին ՔՊ-ականները լռում են՝ նրանց հրահանգված է լռել:
Ընդդիմության պայքարը նոր թափ է հավաքելու՝ վրանները Ֆրանսիայի հրապարակից հավաքելը ՔՊ-ն ներկայացնում է որպես իշխանության հաղթանակ: Սակայն դա ոչ թե ընդդիմության պարտությունն է, այլ նոր պայքարի մեկնակետը
Վահրամ Բագրատյան