Ամենն արվում է Աղվան Հովսեփյանին երկարատև կալանքի տակ պահելու համար

ՀՀ նախկին գլխավոր դատախազ, ՔԿ նախկին նախագահ Աղվան Հովսեփյանը կշարունակի մնալ կալանավորված։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Դավիթ Արղամանյանի նախագահությամբ, բավարարել է Հովսեփյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը ևս երկու ամսով երկարացնելու մասին միջնորդությունը։ Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնեց փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։
«Այլ բան չէինք էլ սպասում, նա աչքերը բաց և առանց կշեռքի, ամբողջությամբ մերկ Ֆեմիդա է»,- նշեց Ալեքսանյանը՝ անդրադառնալով դատավոր Դավիթ Արղամանյանի որոշմանը։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Աղվան Հովսեփյանի մեղադրանքն օրերս լրացվել է՝ ՀՀ ՔՕ 38-308-րդ հոդվածով՝ իբրև լիազորությունները չարաշահելուն դրդելու հատկանիշներով, ինչից հետո վարույթն իրականացնող մարմինը Հովսեփյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը ևս երկու ամսով երկարացնելու միջնորդություն է ներկայացրել։
Փաստաբան Էրիկ Ալեքսանյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ քննիչի ներկայացված միջնորդության բովանդակությունը նույնն է, ինչ նախորդ միջնորդության դեպքում՝ կալանավորման ժամկետը ևս երկու ամսով երկարացնելու վերաբերյալ։ Պաշտպանության կողմը դատական նիստին բարձրացրել է այն հանգամանքը, որ նախկինում, թեև դատարանը քննիչից պահանջել է Աղվան Հովսեփյանի գործով դատախազի ցուցումները, քննիչը դրանք չի տվել, իսկ դատարանը, չունենալով ցուցումը, «կուրորեն» բավարարել է միջնորդությունը՝ հնարավորություն տալով քննիչին ևս երկու ամիս քննություն կատարելու, մինչդեռ քննիչը կրկին միջնորդություն է ներկայացրել կալանավորման ժամկետը երկարացնելու մասին՝ կրկին հղում կատարելով դատախազի ցուցումը կատարելուն։
«Դա պետք է ի վնաս իրեն մեկնաբանվի, չի կարող այդպես լինել, որովհետև անձնական ազատության իրավունքի բուն էությունն այլ բան է թելադրում։ Այդ իրավունքի նկատմամբ պետք է հարգանք լինի, իսկ այն, ինչ անում է քննիչը և դատավորից պահանջում է քննիչը՝ իրավունքի նկատմամբ հարգանք չէ և եթե դատարանը ևս մեկ անգամ «կնիքի» այն, ապա այդ հարգանքը կտապալի նաև դատարանը»,- դատական նիստին բարձրացրել է պաշտպանության կողմը, ինչից հետո նախագահող դատավորը քննիչից մի քանի անգամ պահանջել է դատախազի ցուցումը, սակայն քննիչն այն այդպես էլ չի տվել։
Ավելին՝ քննիչը դատական նիստին հայտարարել է, որ ինքը գործողություններ է կատարել, վկաների է հարցաքննել, սակայն անգամ հարցաքննության առաջին էջերը չի ներկայացրել դատարանին՝ պատճառաբանելով, որ չի ցանկանում, որ վերջիններիս անձնական տվյալները բացահայտվեն և Աղվան Հովսեփյանը հնարավորություն չունենա նրանց վրա ազդեցություն գործադրելու, իսկ պաշտպանության կողմի դիտարկմանը, որ, փաստորեն այն անձանց նկատմամբ, որոնց տվյալները բացահայտվել են քննիչի կողմից, ազդեցություն գործադրելու ռիսկ չի տեսնում՝ քննիչը չպատասխանեց։
«Փաստացի արձանագրվեց այն հանգամանքը, որ դատավարության այն մասնակիցները, որոնք ներկայումս կան գործում և հայտնի են և պաշտպանության կողմին, և՛ դատարանին, քննիչը փաստացի քննությանը խոչընդոտելու ռիսկ չի տեսնում»,- նշեց Ալեքսանյանը։
Կալանավորման ժամկետի երկարացման միջնորդության հիմքում կրկին որպես գործի քննությանը խոչընդոտելու հիմք մատնանշվել է Աղվան Հովսեփյանի՝ նախկինում զբաղեցրած պաշտոնը և հեղինակությունը։ Ըստ պաշտպանության կողմի՝ նախկինում զբաղեցրած պաշտոնը, կապերը գուցե կալանքը որպես խափանման միջոց ընտրելու ժամանակ կարևոր գործոն հանդիսանա անձի իրավունքի սահմանափակման հարցում, մինչդեռ, երբ խոսքը անձին երկարատև կալանքի տակ պահելու մասին է, դա չի կարող վճռորոշ նշանակություն ունենալ նրա՝ ազատության իրավունքի սահմանափակման հարցում։ Փաստաբանն ընդգծեց՝ դատական նիստի ժամանակ հիմնավորվել էր, որ առկա փաստական տվյալների պայմաններում չկա որևէ հանրային գերակա շահ, որը կարող է արդարացնել Աղվան Հովսեփյանին՝ երկար կալանքի տակ պահելը։
Այդուհանդերձ, դատարանը որոշել է բավարարել միջնորդությունը՝ ևս երկու ամսով երկարացնելով Աղվան Հովսեփյանի կալանավորման ժամկետը, ընդ որում, այդպես էլ չծանոթանալով դատախազի կողմից քննիչին տրված ցուցումներին։
Հարցին ի պատասխան, թե արդյո՞ք փորձ է արվում ձգձգել նախաքննությունը և կալանքի տակ պահել Աղվան Հովսեփյանին՝ մինչև Հակակոռուպցիոն դատարանների ստեղծումը՝ Ալեքսանյանն արձանագրեց, որ ամեն գնով առկա է նպատակ և ցանկություն՝ Աղվան Հովսեփյանին կալանքի տակ պահելու։
«Չեմ հավատում, որ ՀՀ-ում, մասնավորապես, մինչդատական վարույթի դատարաններում առկա է մի դատավոր, որը կունենա համարձակություն՝ Աղվան Հովսեփյանին կալանքից ազատ արձակելու որոշում կայացնելու, ինչը գիտակցում է նաև նախաքննական մարմինը։ Դրա համար էլ ամեն գնով, ամեն արհեստական գործողություններով փորձում են ամեն ինչ անել, ինչպես օրինակ՝ օրեր առաջ մեղադրանքի լրացումը»,- նշեց Ալեքսանյանը՝ հավելելով, որ այլ կարծիք չի մնում, քան այն, որ այս ամենն արվում է Աղվան Հովսեփյանին երկարատև կալանքի տակ պահելու համար, ինչու ոչ նաև՝ մինչև Հակակոռուպցիոն դատարանների ստեղծումը, որ հետագայում իշխանությունների ցանկությամբ մակագրում լինի կոնկրետ դատարանին՝ հետագայում ցանկալի մեղադրական դատական ակտի կայացման համար, ոչինչ չի բացառվում։