Լռություն փոթորկից առաջ․ Թուրքիայի և Ադրբեջանի «պաուզան» վտանգներ է պարունակում

Լռություն փոթորկից առաջ․ Թուրքիայի և Ադրբեջանի «պաուզան» վտանգներ է պարունակում

Առաջին հերթին ռուս-թուրքական հարաբերություններն ունեն դարերից եկած հետևյալ տրամաբանությունը, որին մշտապես հավատարիմ են մնում կողմերը՝ վատ հարաբերություններից դեպի դրական ու փոխշահավետ հարաբերություններ։ Եվ հիմա հենց երկրորդ փուլն է, երբ 90-ականների սկզբին կոնֆլիկտային մրցակցություն կար, իսկ հիմա այն վերածվել է համագործակցային մրցակցության։ Այս մասին MediaHub-ի հետ զրույցում հայտնեց ԵՊՀ Արեւելագիտության ֆակուլտետի դեկան, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը։

«Ռուսաստանի և Թուրքիայի շահերը մի շարք ոլորտներում հիմա ավելի քան համընկնում են և այժմ ռուս-թուրքական հարաբերությունների բարձրակետային փուլերից է՝ սկսած տնտեսական ոլորտից և վերջացրած գիտականով։ Բայց այս ծաղկունքը ամենևին էլ չի նշանակում, որ այս հարաբերությունները ստաբիլ կարող են մնալ, որովհետև խորքային առումով կան լրջագույն հակադիր շահեր, որոնք ինչ-որ պահի կարող են շատ հանգիստ դառնալ դոմինանտ»,- նշեց մեր զրուցակիցը։ 

Թուրքագետի խոսքով՝ հայ-ռուսական հարաբերություններն այս կոնտեքստում անկում են ապրում և սկսում են տուժել, քանի որ հայ-ռուսական հարաբերությունների մեջ կարևորագույն էլեմենտ են ռուս-թուրքական հարաբերությունները։ Եվ դրանց ազդեցությունն ու բացասական հետևանքները մենք միշտ զգում ենք մեզ վրա։ Պատասխանելով հարցին, թե ինչ վտանգներ է պարունակում ՌԴ-Թուրքիա հարաբերությունների ջերմացումը մեզ համար, Մելքոնյանը նշեց, որ ճիշտ է հասկանալ, որ այդ ջերմացումը մեխանիկորեն չի եղել, այլ նաև պատճառներից մեկը մեր ստեղծված իրողությունների սխալ հաշվարկն է, ընդ որում նաև Ռուսաստանի սխալ հաշվարկն է այստեղ կարևոր։

«Մենք իրադարձություններին նայում ենք 1993թ-ի պրիզմայից, երբ ռուս-թուրքական հարաբերությունները լարված էին և այդ կոնտեքստում Հայաստանի հանդեպ հոգատարության աստիճանն անհամեմատ բարձր էր։ Հիմա իրողությունները փոխվել են, բայց մեր մոտեցումներն ու հաշվարկները հիմնված են հին իրողությունների վրա, և ակնհայտ է, որ հայ-ռուսական հարաբերություններին պետք է լրջագույն ռեստարտ»,- շեշտեց Մելքոնյանը։

Անդրադառնալով գիտական ոլորտում ռուս-թուրքական հարաբերությունների մերձեցմանը՝ մեր զրուցակիցը նշեց, որ այդ մտերմությունը ուղիղ համեմատական է հայ-ռուսական հարաբերությունների վատացմանը գիտական ոլորտում։ «Ռուսաստանյան տարբեր կոնֆերանսներում և ամսագրերում հայկական տեսակետեր, հայկական հայացքներ, Հայոց ցեղասպանության հարց, Արցախի հարց և նման թեմաներ արծարծելը լրջագույն խնդիր է, նույնիսկ դեպքեր են լինում, երբ մարդիկ չեն կարողանում հոդված տպել և մասնակցել մեր ստրատեգիական դաշնակից երկրում գիտաժողովների այն թեմաներով, որոնք ունեն հակաթուրքական բնույթ. հենց այսքան են վատացել հայ-ռուսական հարաբերությունները և սա բավական լուրջ խնդիր է»,- նշեց նա։ 

Մելքոնյանն, անդրադարձ կատարելով Թուրքիայի և Ադրբեջանի թվացյալ զսպվածությանը վերջին շրջանում և մեր ուղղությամբ փոքր-ինչ մեղմ քաղաքականությանը, նշեց․
«Լռություն փոթորկից առաջ։ Թուրքիայի և Ադրբեջանի ցանկություններն ու նկրտումները չեն փոխվել, շարունակում են մնալ ագրեսիվ և հիմա, երբ հասել են իրենց ցանկությունների մի մասին՝ Արցախի օկուպացիային: Բայց դրանով իրենց գլոբալ նպատակները չեն ավարտվում, հակառակը՝ սկսվել է երկրորդ փուլը, որի թիրախում Զանգեզուրի միջանցքն է ու ՀՀ տարածքի հանդեպ որոշ նկրտումներ։ Ես չեմ հավատում ադրբեջանական լռությանը, միջանցքի հանդեպ ցանկությունների դադարեցմանը, չեմ հավատում խաղաղության իրական ձգտումներին»,- շեշտեց թուրքագետը։

Ապա շարունակեց, որ այս ամենը մարտավարական պաուզա է, իրենք սպասում են աշխարհքաղաքական հարմար պահի, որպեսզի շարունակեն իրենց ագրեսիան։ 

«Մարդիկ, ովքեր մտածում էին, թե «Արցախը տանք ու հանգիստ ապրենք ու խաղաղություն կլինի», չարաչար սխալվում էին, քանի որ այս տարածաշրջանում և նման հարևանների հետ խաղաղության հասնել այն ճանապարհով, որով գնում է այս իշխանությունը պարզապես անհնար է: Եվ զգոնությունը կորցնելն ու այս պաուզան ընդունել իբրև խաղաղություն խիստ վտանգավոր է հետագա լուրջ զարգացումների համար»,- եզրափակեց մեր զրուցակիցը։ 

Մարիա Զարգարյան