Հասկանում եմ գերիների հարազատներին, կիսում եմ նրանց զայրույթը․ ՔՊ-ական
Բոլոր հնարավոր դիվանագիտական խողովակներն օգտագործում ենք գերիներին վերադարձնելու համար։ Այդ մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ-ական պատգամավոր Սարգիս Խանդանյանը։
Նրա խոսքով՝ Ադրբեջանը նպատակ ունի, որ հարցը հայկական կողմից շահարկվի, որ իրենք էլ բանակցային գործընթացում դա օգտագործեն, իսկ Հայաստանի համար այդ հարցը բանակցությունների առարկա չէ։
«Գերիները պետք է անհապաղ հայրենադարձվեն, ու այդ գիտակցումը կա նաև միջազգային գործընկերների մոտ։ Ես հասկանում եմ գերիների հարազատներին, կիսում եմ նրանց զայրույթը»,- նշեց նա։
Դիտարկմանը, որ ինչ-որ շրջանում միջազգային խողովակներն օգտագործելով հնարավոր էր դառնում գերիներին վերադարձնել, սակայն այդ գործընթացը դադարեց, ՔՊ-ական պատգամավորն արձագանքեց.
«Գերիներին վերադարձնելու հետ կապված եղել են պայմանավորվածություններ, բայց Արդբեջանը դրժել է դրանք ու չի կատարել։ Դեստրուկտիվ քայլեր է իրականացնում Ադրբեջանը։ Դրանք իրավիճակն ավելի լարված դարձնելուն ուղղված քայլեր են»,- նշեց նա։
Ինչ վերաբերում է «խաղաղության պայմանագրին», ապա Խանդանյանը նշեց, որ թե՛ հայկական կողմը, թե՛՝ ադրբեջանականը, ունեն իրենց կարմիր գծերը, և հիմա կողմերն աշխատում են այն ուղղությամբ, որ հարցերի շուրջ կարծիքները մոտարկվեն։
«Այդ պայմանագրի կենսունակությունը պետք է ապահովվի։ Դրանով պետք է ապահովվի ՀՀ անկախությունը, ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը»,- ասաց նա։
Անդրադառնալով Արցախի հարցին, ապա այն, ըստ Սարգիս Խանդանյանի, պետք է քննարկվի Արցախի ու Ադրբեջանի միջև՝ միջազգային դիտորդների ներկայությամբ։
Մանրամասները՝ տեսանյութում։