Անորսալի «Aquila Technics LLC» ընկերություն. ինչո՞վ է հայտնի «գաղտնի» ընկերությունը, որն այսօր պարտվեց 15,5 մլն ռուբլի

Այսօր հայտնի դարձավ, որ «Ռոսիա» ավիաընկերությունը շահել է 15,5 մլն ռուբլու հայցը հայաստանյան պահեստամասերի մատակարարի դեմ, որը չի կատարել ինքնաթիռների անվադողերի մատակարարման պատվերը, գրում է Shot-ը։
2022 թվականի ամռանը «Ռոսիա» ավիաընկերությունը պայմանագիր է կնքել Aquila Technics-ի հետ ինքնաթիռների պահեստամասերի մատակարարման համար։ Նույն թվականի հոկտեմբերին ավիափոխադրողը պատվիրել է Bridgestone-ի անվադողերը 15,5 մլն ռուբլով, իսկ 10 օր անց գումարը փոխանցել հայկական ընկերության հաշվեհամարին։ Արդյունքում Aquila Technics-ը չի կատարել գործարքի իր մասը, անվադողերը չեն առաքվել, գումարը չի վերադարձվել։
Ավիափոխադրողը դիմել է Արբիտրաժային դատարան և շահել հայցը՝ պարտավորեցնելով հայկական ընկերությանը Ռուսաստանին վճարել պատվերի ամբողջ գումարը, ինչպես նաև 100 հազար ռուբլի պետական տուրք։
MediaHub-ը ամիսներ շարունակ ուշադրության կենտրոնում է պահել «Aquila Technics LLC» ընկերությունը, որն իրական «անորսալի Ջոն էր» դարձել:
Ռուսաստանի Տյումենի մարզի արբիտրաժային դատարանը որոշել էր կալանք դնել Utair ավիաընկերության կապալառու՝ հայկական «Aquila Technics LLC» ՍՊԸ-ի հաշիվների վրա։ Խոսքը գրեթե 176 միլիոն ռուբլու և 1,5 միլիոն դոլարի մասին է, իսկ պատճառը չստացված շարժիչներն են։
Նախապատմությունն այսպիսինն էր՝ հոկտեմբերի 24-ին հայտնի դարձավ, որ ռուսական UTair Airlines-ը դատարան է դիմել` հայկական Aquila Technics LLC ընկերությունից մոտ 175 մլն ռուբլի և ավելի քան 1,5 մլն դոլար գանձելու հայցով։ 2022 թվականի մայիսի 30-ին կնքվել է մատակարարման պայմանագիր, և լրացուցիչ համաձայնագիր, որով փոխադրողը նախատեսում էր ձեռք բերել շարժիչները։ Հայկական «Aquila Technics LLC»-ն, Utair-ի պնդմամբ, դրանք չի մատակարարել և գումարը չի վերադարձրել։
MediaHub-ը պարզաբանելու համար փորձել էր կապ հաստատել «Aquila Technics LLC»-ի հետ, որը, ըստ հրապարակման, տեղակայված է «Զվարթնոց» օդանավակայանում, բայց մեր զանգերին ընկերությունից այդպես էլ չպատասխանեցին։
Այսօր էլ, բազմաթիվ զանգերից հետո, «Aquila Technics LLC» ընկերությունը չպատասխանեց մեր հեռախոսազանգերին։
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանից մեզ փոխանցեցին, որ լսել են «Aquila Technics LLC» ընկերության մասին, բայց թե որտեղ է գտնվում, իրենք էլ չգիտեն։
«Գիտենք, որ ընկերությունը տեղակայված է «Զվարթնոց» օդանավակայանում, բայց կոնկրետ որտեղ է գտնվում, կոնկրետ լոկացիան ընկերության, չգիտենք»,- մասնավորապես ասացին «Զվարթնոց»-ից:
Այս ընկերությունն պատված է գաղտնիության շղարշով: Այդպես, 2023 թվականի փետրվարի 13-ին հսկող դատախազի կողմից սեփական նախաձեռնությամբ որոշում էր կայացվել «Aquila Technics LLC» ընկերության տնօրեն Կ.Ա.-ի նկատմամբ հարուցել հանրային քրեական հետապնդում։
Մինչդեռ MediaHub-ին գլխավոր դատախազությունից փոխանցել էին՝ ընկերության տնօրենի նկատմամբ քրեական հետապնդման ժամկետը կասեցվել է։
Էլ ինչո՞վ է աչքի ընկնում անորսալի այս ընկերությունը․ MediaHub-ը փորձեց հնարավորինս տեղեկատվություն գտնել այս ընկերության մասին: Օրինակ, Linkedin-ում գտանք իրենց, իբրև թե, աշխատողներին։ Սակայն ուսումնասիրելով նրանց պրոֆիլների լուսանկարները՝ կարելի է ենթադրել, որ ուրիշ մարդկանց նկարներ են տեղադրված՝ ֆեյք էջեր են։ Այլ կերպ ասած, ուղղակի անհնար է իրենց հետ կապ հաստատել, որևէ տեղեկություն չկա։
Մարիաննա Արամյան