Անորսալի «Aquila Technics LLC». միլիոնների հասնող պարտք, հաշիվներին դրված կալանք, գաղտնիություն

Անորսալի «Aquila Technics LLC». միլիոնների հասնող պարտք, հաշիվներին դրված կալանք, գաղտնիություն

Ռուսաստանի Տյումենի մարզի արբիտրաժային դատարանը որոշել է կալանք դնել Utair ավիաընկերության կապալառու՝ հայկական «Aquila Technics LLC» ՍՊԸ-ի հաշիվների վրա։ Խոսքը գրեթե 176 միլիոն ռուբլու և 1,5 միլիոն դոլարի մասին է, իսկ պատճառը չստացված շարժիչներն են։ 

MediaHub-ը շարունակում է ուշադրության կենտրոնում պահել «Aquila Technics LLC» ընկերությունը, որն իրական «անորսակի Ջոն է» դարձել:

Նախ, հիշեցնենք նախապատմությունը. Հոկտեմբերի 24-ին հայտնի դարձավ, որ ռուսական UTair Airlines-ը դատարան է դիմել` հայկական Aquila Technics LLC ընկերությունից մոտ 175 մլն ռուբլի և ավելի քան 1,5 մլն դոլար գանձելու հայցով։ 2022 թվականի մայիսի 30-ին կնքվել է մատակարարման պայմանագիր, և լրացուցիչ համաձայնագիր, որով փոխադրողը նախատեսում էր ձեռք բերել շարժիչները։ Հայկական «Aquila Technics LLC»-ն, Utair-ի պնդմամբ, դրանք չի մատակարարել և գումարը չի վերադարձրել։ 

MediaHub-ը պարզաբանելու համար շաբաթներ առաջ փորձեց կապ հաստատել «Aquila Technics LLC»-ի հետ, որը, ըստ հրապարակման, տեղակայված է «Զվարթնոց» օդանավակայանում, բայց մեր զանգերին ընկերությունից այդպես էլ չպատասխանեցին։ Անցած շաբաթների ընթացքում ևս բազմաթիվ փորձեր ենք արել, նորից ապարդյուն: Ընդ որում, Զվարթնոց միջազգային օդանավակայանից մեզ փոխանցել էին, որ ընդհանրապես չեն  էլ լսել Aquila Technics LLC ընկերության մասին։

Ընկերությունն այս պատված է գաղտնիության շղարշով: Այդպես, 2023 թվականի փետրվարի 13-ին հսկող դատախազի կողմից սեփական նախաձեռնությամբ որոշում էր կայացվել «Aquila Technics LLC» ընկերության տնօրեն Կ.Ա.-ի նկատմամբ հարուցել հանրային քրեական հետապնդում։ Մինչդեռ օրերս MediaHub-ին գլխավոր դատախազությունից փոխանցեցին՝ ընկերության տնօրենի նկատմամբ քրեական հետապնդման ժամկետը կասեցվել է։

Բայց գտնել այդ տնօրենին չի ստացվում:

Այսօրվա լուրից հետո էլ փորձեցինք կապ հաստատել ընկերության հետ, նորից զրո արդյունք, «Զվարթնոց» օդանավակայանից էլ պատասխանեցին նույնը՝ «Aquila Technics LLC» իրոք գտնվում է օդանավակայանում, բայց իրենք որևէ տեղեկություններ չունեն այդ ընկերության մասին։

««Aquila Technics LLC» տեխսպասարկման ընկերություն է, այդպիսի տեխսպասարկման ընկերություններ կան մեր մոտ, և մենք իրենց լիցենզավորում ենք։ Բայց ուրիշ տեղեկություն չունենք, միայն գիտենք, որ ընկերությունը տեղեկայված է «Զվարթնոց» օդանավակայանում»,- մասնավորապես ասացին «Զվարթնոց»-ից:    

Էլ ինչով է աչքի ընկնում անորսալի այս ընկերությունը

MediaHub-ը փորձեց հնարավորինս տեղեկատվություն գտնել այս ընկերության մասին: Օրինակ, Linkedin-ում գտանք իրենց, իբրև, աշխատողներին։ Սակայն ուսումնասիրելով նրանց պրոֆիլների  լուսանկարները, կարելի է ենթադրել, որ ուրիշ մարդկանց նկարներ են տեղադրված՝ ֆեյք էջեր են։ Այլ կերպ ասած, ուղղակի անհնար է իրենց հետ կապ հաստատել, որևէ տեղեկություն չկա։
Թե էլ ինչ զարգացումներ կլինեն՝ կհետևենք:

Մարիաննա Արամյան