Մոսկվա-Բաքու-Երևան պայմանավորվածություններն անվիճելի են և պետք է իրականացվեն․ Պեսկով

Կրեմլը համարում է, որ Մոսկվա-Բաքու-Երևան պայմանավորվածությունները Ղարաբաղի վերաբերյալ միակ իրական և անվիճելի տարբերակն են և դրանք պետք է իրականացվեն։
Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Մենք պատրաստ ենք ողջունել կողմերի ցանկացած քայլ, որը կարող է հանգեցնել լարվածության թուլացման և որը կնպաստի ռուս-ադրբեջանա-հայկական եռակողմ պայմանավորվածությունների կատարման հետագա առաջընթացին»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Մոսկվան ինչ-որ կերպ կմասնակցի Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության կարգավորմանը։
«Եռակողմ համաձայնագրերը հարաբերությունների կարգավորման միակ իրական, իրատեսական հիմքն են։ Մենք բոլոր դրույթների իրականացումը համարում ենք անվիճելի և անհրաժեշտ բոլորի համար»,- նշել է նա։