Ինքնաեռի շուրջ նոր գործակցության հեռանկարով եռում են հայ և ռուս մշակույթները (տեսանյութ)

Նախ դեղաբույս, ապա ըմպելիք, 17-րդ դարում պոեզիայի թեմա, իսկ այսօր դիվանագիտական ու մշակութային կապերն ամրապնդելու միջոց դարձած թեյը մի գաղափարի շուրջ է համախմբել հայ և ռուս մշակութային ու քաղաքական գործիչներին, արվեստագետներին ու հասարակ քաղաքացիներին։ Ռուսական արվեստի թանգարանում բացվեց «Սամովար» խորագրով ցուցահանդեսը, որում ներկայացված են Հայաստանի տարբեր թանգարաններում և մասնավոր հավաքածուներում պահվող 19 և 20-րդ դարերի մի շարք բացառիկ ինքնաեռներ․ յուրաքանչյուրն ինչ-որ պատմության ականատես ու մասնակից։ Երևանի պատմության թանգարանի ներկայացրած հսկա ինքնաեռն, օրինակ, իր շուրջ է համախմբել Չարենցին, Սարյանին և այլ մեծերի։

Փաստորեն, բազմաթիվ խնդիրներ լուծվել ու լուծվում են մեկ բաժակ թեյի շուրջ։ Եվ պատահական չէ, որ հայ-ռուսական դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակին նվիրված միջոցառումներն էլ մեկ բաժակ տաք ըմպելիքի ստեղծած մտերմիկ մթնոլոտում մեկնարկեցին։ Ցուցահանդեսի միջոցով հայ-ռուսական մշակութային և դիվանագիտական կապերն ամրապնդելը կարևորողների շարքում են «Հայրենիք» զարգացման հիմնադրամն ու «Վիլլա Մոնտեսորի» երեխաների զարգացման կենտրոնը։ Հիմնադրամի տնօրեն Խաչիկ Գալստյանի խոսքով՝ ցուցահանդեսը մեծ խորհուրդ ունի․ պատերազմից եռացող տարածաշրջանում կարելի է խաղաղության հասնել՝ եռացող ջրով պատրաստված թեյի շուրջ բանակցելով։ Ինքնաեռների ցուցադրությունը հանրության համար բաց կլինի մինչև հունիսի-15-ը:

Այդ ընթացքում կկազմակերպվեն թեմատիկ դասախոսություններ, կրթական ծրագրեր, ինչպես նաև ռուսական ավանդական թեյախմության երեկոներ: