Սա քաղաքական ակցիա է՝ ընդդեմ իշխանությունների ազգակործան քաղաքականության հերթական դրսևորման․ պատգամավորները` իրենց հրաժարականների մասին

Սա քաղաքական ակցիա է՝ ընդդեմ իշխանությունների ազգակործան քաղաքականության հերթական դրսևորման․ պատգամավորները` իրենց հրաժարականների մասին

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արթուր Խաչատրյանն այսօր հրաժարականի դիմում է ներկայացրել ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնից։
Սույն հարցի վերաբերյալ MediaHub.am-ը զրուցեց Արթուր Խաչատրյանի հետ։
«Հրաժարականի հիմնական պատճառը մեր հայկական պառլամենտարիզմի, պետական կառավարման համակարգի, պետականությանը իշխանության կողմից հասցված հարվածն է. ակնհայտ է, որ իրենք անձնական չեն թիրախավորում, բայց թիրախավորում են մեր պայքարը՝ «Հայաստան» դաշինքի պայքարը, Սաղաթելյանի պարագայում` դա նաև «Դաշնակցությունը», հետևաբար, չենք կարող չարտահայտել մեր քաղաքական դիրքորոշումը այդ քաղաքական ակտի նկատմամբ։ Սա քաղաքական ակցիա է՝ ընդդեմ իշխանությունների ազգակործան քաղաքականության հերթական դրսևորման»,- ասաց Խաչատրյանը։
Հարցին, որն է լինելու իրենց հաջորդ գործողությունը, Արթուր Խաչատրյանն ասաց․
«Անպայման դրա մասին տեղյակ կլինեք»։
Հիշեցնենք, որ այսօր Ազգային ժողովում ՔՊ-ական պատգամավորները արտահերթ նիստ էին հրավիրել, որի ժամանակ քննարկվեց, ապա գաղտնի քվեարկությամբ պաշտոնազրկեցին «Հայաստան» խմբակցության պատգամավոր ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանին, ինչպես նաև` տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Վահե Հակոբյանին։
MediaHub.am-ը զրուցեց նաև ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնից հրաժարականի դիմում ներկայացրած «Հայաստան» դաշինքի պատգամավոր Թադևոս Ավետիսյանի հետ, ով նշեց, որ իրենց պայքարը շարունակվելու է Ազգային ժողովի իրենց օրակարգով։
Ավելի վաղ ԱԺ մի շարք հանձնաժողովներից հրաժարականի դիմում են ներկայացրել ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորներ` այդ կերպ իրենց քաղաքական բողոքն արտահայտելով Իշխան Սաղաթելյանին և Վահե Հակոբյանին զբաղեցրած պաշտոններից ազատելու հարցի վերաբերյալ։

Մերի Գևորգյան