Մարությանի վախերը, Աշոտ Փաշինյանի գործով դատավճիռ կայացրած դատավորի ունեցվածքը․ Մամուլը՝ սուրճով

Մարությանի վախերը, Աշոտ Փաշինյանի գործով դատավճիռ կայացրած դատավորի ունեցվածքը․ Մամուլը՝ սուրճով

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը երեկ պաշտոնապես հայտարարեց, որ մասնակցելու է ավագանու ընտրություններին՝ «Ազգային առաջընթաց» կուսակցության ցուցակով:

Ինչպես մեր աղբյուրներն են փոխանցում՝ Հայկ Մարությանը երկար քննարկումներից հետո է վերջնական որոշում կայացրել, ընդ որում, նրա մտերիմներն էլ են միայն երեկ իմացել վերջնական որոշման մասին: Այս առիթով պետք է նշել, որ հենց իր ամենամտերիմ անձանցից շատերը, մեղմ ասած, ապշած էին Հայկի որոշումից, քանի որ գիտակցում էին, որ Մարությանի հիմնական շարժաառիթը ոչ թե երևանի ապագա շենացումն է, այլ ընդամենը մանր վրեժխնդրությունը գործող իշխանությունների նկատմամբ: Սակայն, ի հեճուկս բազմաթիվ հորդորների, «քաղաքապետը» որոշել իր ներկայացումը այս անգամ խաղալ երևանի փողոցներում, ակնկալելով ծափեր և ծաղիկներ:

Մարությանին մոտ կանգնած մարդիկ տարբեր հավաքների ժամանակ անկեղծանում են , որ Հայկն ինքն էլ գիտի, որ իր պաշտոնավարման ընթացքում եղած չարաշահումների մի քանի գործերով քննություններ են գնում, այդ թվում իր կնոջ՝ Իվա Մարությանը մասնակցությամբ: Ոսւտի որոշել է դիմել խորամանկ քայլի. Մասնակցել ավագանու ընտրություններին, հնարովորինս քաղաքականցնել բոլոր քրեական գործերը և թաքցնելով իր ներքին վախերը և սրտի դողը, փորձել երևանցիներին հրամցնել «իրական հեղափոխական» լինելու թեզը:

Հ.Գ. ինչպես ասում են՝ գող սիրտը դող»:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական շտաբը գործելու է օգոստոսի 23-ից՝ քարոզարշավի մեկնարկին զուգահեռ:
Ինչպես հայտնի է, ՔՊ գլխավոր շտաբը Հյուսիսային պողոտայում է գտնվում. գրասենյակը դեռ պատրաստ չէ, այս պահին այնտեղ վերանորոգման աշխատանքներ են ընթանում, ինչով պայմանավորված՝ կուսակցությունում խառն են: Մեր տեղեկություններով՝ գրասենյակի նորոգման աշխատանքները եւս Արմեն Փամբուխչյանն է անձամբ համակարգում:

Շտաբի բացվելուց հետո արդեն պարբերաբար այնտեղ հավաքներ, քննարկումներ կլինեն՝ ավագանու ընտրությունների հետ կապված:
Գլխավոր շտաբը բացելուց հետո արդեն ամեն վարչական շրջանում շտաբներ կբացվեն, որոնք կկորդինացվեն Արմեն Փամբուխչյանի կողմից»:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մանվել Շահվերդյանը, որը Նիկոլ Փաշինյանի որդու մասնակցությամբ դատական գործի վճիռը կայացնողն է, հիփոթեքով ձեռք է բերել Շենգավիթ վարչական շրջանում նոր բնակարան՝ 42 մլն 097 հազար դրամ արժողությամբ։ Բացի այդ, նա 1985 թվականին բնակարան է գնել Արարատ քաղաքում, իսկ 2010 թվականին՝ Շենգավիթում։ Դատավորը հայտարարագրել է ավտոտնակ, որ իրեն չի պատկանում, սակայն շահագործվում է դատավորի կողմից։

Դատավորը հայտարարագրել է 2 մեքենա՝ MAZDA մակնիշի, որը ձեռք է բերվել 2019 թվականին, և OPEL մակնիշի՝ 2008 թվականին ձեռք բերված։ Բանկային հաշիվների մնացորդները կազմել են 100 հազար դրամ, կանխիկ դրամական միջոցները՝ 2 մլն 400 հազար դրամ։ Նրա հաշվետու տարվա եկամուտները կազմել են 12 մլն 214 հազար դրամ, որից 8 մլն 844 հազար դրամը աշխատանքի վարձատրություն է ՀՀ ԲԴԽ աշխատակազմի դատական դեպարտամենտից, իսկ պետական բյուջեից դատավորը ստացել է 2 մլն 966 հազար դրամ, որը եկամտահարկի վերադարձի սկզբունքով գումարի վերադարձ է։ Ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 46 մլն 363 հազար դրամ։

Հիշեցնենք, որ նա այն դատավորն է, որը դատարանի դահլիճում Աշոտ Փաշինյանին ասել է․ «Ո՛չ Ձեզնից, ո՛չ Ձեր հորից ես չեմ կաշկանդվում»։ Շահվերդյանը ասաց, բայց կատարեց իշխանությունների սրտի որոշումը>։