Շարունակում է պնդումը, որ խոշտանգում եղել է․ ինչ ընթացք ունի Արտակ Գալստյանի գործը

Շարունակում է պնդումը, որ խոշտանգում եղել է․ ինչ ընթացք ունի Արտակ Գալստյանի գործը

Շրջանառվող տեղեկություններ կան, թե «Հանրային ձայն» կուսակության նախագահ Արտակ Գալստյանը հրաժարվել է ցուցմունքից, ըստ որի, իրեն խոշտանգել են։

MediaHub-ը կապ հաստատեց Գալստյանի փաստաբան Հրաչյա Բաղդասարյանի հետ, որը փոխանցեց, որ պատմությունն իրականում այլ տեսք ունի։

«Սա նոր բան չէ։ Հանգամանքները հետևյալն են՝ երբ Արտակ Գալստյանին խոշտանգված տեսանք, հաղորդում ներկայացվեց, նույն հարցաքննության օրը Արտակ Գալստյանի որդուն բերման ենթարկեցին ու սպառնալիքներ եղան, որպեսզի Գալստյանը ցուցմունքից հրաժարվի, որից հետո վերջինիս ընտանիքի անդամների հետ ամեն ինչ կարգին կլինի։ Գալստյանն էլ փոխեց ցուցմունքը, ասաց, թե բերման ենթարկվելու ընթացքում գլուխն է հարվածել։ Բայց իրականում, դժվար չէր հասկանալ, որ գլուխը հարվածելուց հետո աչքերի տակ չեն կապտում, բերանի խոռոչը չի վնասվում։ Դատաբժշկական փորձաքննություն է նշանակված»,- ասաց նա։

Փաստաբանը փոխանցեց, որ խոսքը մի քանի դրվագով խոշտանգման մասին է. «Այդ պահին հրաժարվել է, բայց հետո, երբ կնոջն էլ կալանավորեցին, որդու նկատմամբ հետախուզում հայտարարեցին, այս ամենից հետո Գալստյանը շարունակեց իր պնդումը, որ խոշտանգում է եղել․ գործը քննվում է»։

Մեր հարցին ի պատասխան՝ փաստաբանը հստակեցրեց, որ Գալստյանը Երևանի ավագանու անդամի մանդատը վայր չի դրել, իսկ գործը շուտով դատարան կգնա։

«Խոշտանգման դեպքերը բազմադրվագ են, մեկ օրվա չեն»,- հավելեց նա։