Գիտնականները պարզել են, որ քնի պակասը մարդուն եսասեր ու ասոցիալ է դարձնում

Քնի պակասը խանգարում է սոցիալականությանը եւ խանգարում է լավ հարաբերություններ պահպանել մարդկանց հետ, գրում է PLOS Biology-ը։
Մարդու՝ որպես տեսակի հաջողության գաղտնիքը ոչ միայն անհատական ինտելեկտի մեջ է, այլ նաեւ միասին գործելու եւ իր գործողություններն ուրիշների հետ համակարգելու ունակության մեջ է: Դա անելու ունակությունն ուղեղի գործառույթներից մեկն է, որը կարող է խանգարվել:
Բերքլիում Կալիֆորնիայի համալսարանի գիտնականները պարզել են, որ քնի պակասը խաթարում է սոցիալական վարքագիծը հաջողությամբ վերահսկելու ուղեղի կարողությունը: «Սակայն նոր աշխատանքը ցույց է տալիս, որ քնի պակասը ոչ միայն վնասում է մարդկանց առողջությանը, այլ նաեւ նրանց սոցիալական փոխազդեցությանը, ավելին, այն ոչնչացնում է մարդկային հասարակության բուն հյուսվածքը»,- նշել է Մեթյու Ուոքերը: Սկզբից գիտնականները fMRI սարքի միջոցով հետազոտել են 24 առողջ կամավորի, փորձերն իրականացվել են ինչպես նորմալ ութժամյա քնից հետո, այնպես էլ՝ առանց դրա։
Պարզվել է, որ առանց առողջ քնի սոցիալական փոխազդեցության համար պատասխանատու նեյրոնների ֆունկցիան եւ միմյանց հասկանալու կարողությունը վատթարանում է։ Այնուհետեւ գիտնականները դիմել են ավելի մեծ խմբի՝ հարյուրից ավելի կամավորի, որոնց հսկում էին հեռակա կարգով:
Երեք-չորս օրվա ընթացքում հետազոտողներն անուղղակիորեն գնահատել են նրանց քնի որակը (տեւողությունը, արթնացումների քանակը եւ այլն), այնուհետեւ հարցաթերթիկների օգնությամբ ստուգել են հետազոտվողների՝ ուրիշներին օգնելու պատրաստակամությունը: Ինչպես եւ ակնկալում էին հետազոտության հեղինակները, փոխկապակցվածությունն ակնհայտ էր. որքան վատ է մարդը քնում, այնքան հաջորդ օրը նրա փոխգործակցելու ունակությունը վատթարանում է։